Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/518

Այս էջը հաստատված է

«Բուլղար ավազակապետի պատմությանը»։ Աշխատանքի ընթացքում, փողոցով անցնող աշակերտին, կամ հենց նրան, ում երկաթն էր շիկացնում, ստիպում էր, որ մի քիչ կարդա։ Շատ անգամ էր նա Եգորին կանչում իր արհեստանոցը։ Նրա ասելով Կարմրաքարում ոչ մեկը Շինականի տղայի՝ Բագրատի նման «սրտանց» չէր կարդում։ Դարբինը թոփը կրակի մեջ էր դնում ու նստում կարդացողի մոտ։− Ուստա, սպիտակում է...− ասում էր խոփի տերը։ «Հանի թող հովանա... Հրես էն տեղին ենք հասնում»։ «Էն տեղը» արկածների հանգույցներն էին, երբ, օրինակ, բուլղար ավազակապետը շղթան սղոցում է ու պիտի իրեն բանտի պատուհանից գցի... Եվ հանկարծ ծառս է լինում, կաս-կարմիր խոփը հանում ու զայրույթից թե հրճվանքից մուրճն այնպես զարկում, որ հնար չէր զարկերը հաշվելու։ Իսկ խոփի տերը, սրտի դողով, մեկ խոփին էր նայում, մեկ կայծերին, որ թռնում էր ծանր մուրճի տակից։

Բոլոր-քարի մոտ նստածների զրույցին նոր նյութ տվավ Մուքելի տղայի գալը։ Նա քաղաքից էր վերադառնում։ Երբ նկատեց հավաքվածներին, նա գլխի ընկավ, որ պատերազմի լուրն արդեն գյուղն է հասել։ Եվ քայլերը փոխեց նրանց կողմը։

− Ո՞ր թիվն են տանելու, չիմացա՞ր,− հարցրեց Շուղանց Իսոն։

− Ութ տարվա զապասն են հավաքում, Իսո դայի... Խոսք կա, որ աշունքն էլի կանչեն։

− Ուրեմն մինչև աշունքը կռիվ պիտի տա՞նք,− հուսահատ ասաց ծերունին։ Եվ ապա ինքն իր ձեռքն օդում տարուբեր արեց, մրմնջալով «տարա՜ն... գնա՜ց»։

− Էլ ուրիշ ի՞նչ էին ասում... ճոթ ու կտորի կողմանից, թանկից, էժանից,− հարցրեց Ավան ամին:

− Խոսք չկա։ Դուքանները տրաքվում են ապրանքից։ Հա՜, ղազախները գնացին։ Մի թամաշա էր, որ...

− Ես էլ տեսա,− վրա բերեց Հասրաթի Սիմոնը։

− Դե սուս է՜, թող տեսնենք, ինչ է ասում,− սաստեցին նրան։

− Վարդապետը, քահանեքը, քաղաքի պաչոտնի առուտուրականները խաչով, խաչվառով տարան նրանց ճանապարհ գցեցին... Ղազախների գեներալը կռացավ, վարդապետի աջն առավ։

− Հայր Սիմոնը շատ հարգևոր է մեծամեծաց ասպարեզներումը, ուսյալ մարդ է,− ասաց քահանան։ Նրան հաճելի էր այն, որ գեներալը համբուրել է հայր Սիմոնի աջը, և քահանան պատրաստվեց հիշեցնելու այդ դեպքը, երբ Մուքելի տղան շարունակեց իր պատմությունը։

Իսկանդարովը, Աբգարովները, Գևորգ բեյի տղերքը, դաստա