Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/520

Այս էջը հաստատված է


բարձրացնում, իսկ երբ Սալբին նստում էր իր տեղը, հնձվորը հոգնած գլուխը թեքում էր խրձանը։

Արզումանը Սիմոնին պատմել էր սղոցարանի դեպքը։ Պատմել էր ներքին հպարտությամբ, մի քիչ ավելին, քան իրականում էր եղել, պատմել էր այն անխուսափելի ձևով, որ հատուկ է երիտասարդ մարդկանց, երբ այդ պատմությանն ունկնդիր է և նրանց սիրելին։ Սիմոնն անորոշ պատասխանել էր, թե չար մարդու վերջը լավ չի լինում։ Անհայտ էր, թե ո՞վ էր այդ չարը՝ Մկրտո՞ւմը, թե Արզումանը։

Հանդարտ էր խարույկի մոտ... Ջուրը թշշում էր, մուրճի հարվածներից գերանդին այնպես մեղմ էր դրնգում, կարծես խոր սափորի մեջ ջրի կաթիլներ էին ընկնում... Արզումանը գլուխը վեր էր բարձրացնում, նայում Սալբուն, որի ստվերն ընկել էր խոտերի վրա։ Աղջկա երկայն արտևանունքներն ավելի էին թանձրացնում աչքի խոռոչի սևությունը։ Երեսը վառվում էր՝ հոգնածությունից ու կրակին հաճախ մոտենալուց:

Շուտով ընթրիքի կնստեն... Ապա գերանդիները, զնդանը, մուրճը, ջրի կուլան կպահեն խուրձերի տակ և կցրվեն տները։ Ջաղացպանն իր կնոջ հետ կգնա ներքին կամրջով, իսկ մայր ու աղջիկ կիջնեն գետի վրա և քարերի վրայով կանցնեն գետը, կբարձրանան այգիների կողմը, կծռվեն փուլ եկած պատի կողքով, և տան դռնակը կճռճռա։ Դաշտում կմնան Արզումանը, երկու հնձվորները, որոնք ընթրիքից հետո պիտի քաշվեն չոր խոտերի մեջ և քնեն մեռածի քնով։ Ու լուսինը մայր պիտի մտնի, խավարը պիտի թանձրանա... Արզումանն անցնելու է քարերի վրայով, ջրի միջով, նրանց հետքով և փուլ եկած պատի մոտ կուչ գալու այնքան, մինչև դռնակը նորից ճռռա և շալի մեջ փաթաթված մի ստվեր անձայն, անշշուկ մոտենա իրեն... Մոտենա ինչպես երկու օր առաջ, երբ ճյուղքին քնած մի թռչուն թևին արեց, աղջիկը դուրս պրծավ նրա գրկից և Արզումանին թվաց, թե պատի վրայից մարդ իջավ։ Սպասեց, շատ սպասեց, և դուռը չբացվեց։

Սղոցարանից վերադառնալուց Արզումանը կռացավ, որ աղջկա ոտքերի մոտ ընկած կիտուկը կապի,− կամացուկ նրան ասաց, «էսօր կգաս»։ «Հերս տանն է»... «Կգաս, բան եմ ասելու»... Եվ Սալբին կարմրեց, եղանով շուռ տվավ արդեն շրջած կիտուկը։

Ներքևում չոր խոտերը խշշացին։ Արզումանը տեղից վեր ելավ, Սալբին էլ նայեց... Մի ստվեր վազում էր մութի կողմը։

− Եգորն է,− կամացուկ ասաց Սալբին, սակայն բոլորը լսեցին, բացի հնձվորից։ Ու Եգորը հևիհև պատմեց, թե ինչ հրաման էր բերել Երոշը: