Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/521

Այս էջը հաստատված է


− Օ՜ ե՜... Չթողին էլ էս խոտը տեղաց անենք... Ասի անձրև չգա, չթրջի,− ասաց Արզումանն այնպիսի հանգստությամբ, կարծես ոչ թե պատերազմի լուրն էր լսել, այլ անախորժ բեգյառի, ու հարկավոր էր երկու օր գնալ «թագավորական» ճանապարհում խիճ ջարդել: Սիմոնը խոսք չգտավ ասելու, ջաղացպանը դադարեց գերանդին ծեծելուց։ Նա մեկ Արզումանին էր նայում, մեկ Եգորին։

− Կարմրաքարի գլխին հլա շատ փորձանք է գալու,− ասաց նա: Արզումանը նայեց Սալբուն։ Երկուսի հայացքն իրար դիպան։ Ասես ծիածանի պես կամուրջ կապվեց և չասված խոսքեր կամրջի վրայով սրտից սիրտ անցան։

− Էսպես թագավորին ես... վախտը գտա՜վ,− ասաց Արզումանը։− Բեր, կարտոլը բեր ուտենք։

Լուռ ընթրեցին։ Մոռացան հնձվորին էլ զարթեցնելու։ Նա խոր քնի մեջ մշշացնում էր, ինչպես հոգնած եզը ուռենու ստվերում։

Աստղազարդ երկինքը ջինջ էր, ինչպես լեռնային լճակը։ Հնձած խոտերի մեջ ծղրիդները կանչում էին։ Շատ մոտիկ մի լոր բռռալով թռավ խոտի միջեց։ Սալբին կլպում էր կարտոֆիլը, հոր առաջ դնում։ Ու մի սպիտակն էլ զգուշությամբ գլորեց Արզումանի կողմը։ Արզումանը նայեց նրան, աղջկա արցունքոտ աչքերում խարույկի կրակն արտացոլում էր։

− Եգո՛ր, վեր կաց... Տեսնենք ինչ թուղթ է ստացել պարոն Վասիլը։− Ու երկուսով իջան գյուղի վրա։

Պամոշնիկ Անտոնի «կանցելարը», որ Կարմրաքարում ավելի շատ հայտնի էր որպես «պամոշնիկի օթախ», որովհետև այն միաժամանակ և բնակարան էր,– գյուղական մնացած սենյակներից տարբերվում էր միայն ոտքը կոտրած սեղանով, որի վրա, ինչպես և պատուհանին, դարսված էին մի քանի մատյաններ, որոնց մոտ, պատուհանի հովին,− ուր կոտրած ապակու անցքը տրեխի քողով կապկպած էր, որ կատուն ու հավերը ներս չմտնեն, երբ տանը մարդ չէր լինում,− պատուհանին դրված էր մածնի մերուցքը:

«Օթախ»-ում կանգնելու էլ տեղ չկար: Անտոնը, որ նոր էր վերադարձել Հիբանի ամարաթից, գրագրին թելադրում էր տանուտերի ուղարկած գրության պատասխանը, որ պիտի ուղարկեր Զրիկից եկած գզիրի ձեռքով: Տանուտերը դրել էր այն, ինչ հայտնի էր ուրյադնիկի հանձնած ծրարից։ Բացի այդ, նա կարգադրել էր լուսաբացին կազմ ու պատրաստ ունենալ զորակոչի ենթարկվածներին։

Վասիլը դառնացած գրում էր պատասխանը և թեկուզ գլխավերևը կանգնած Անտոնը թելադրում էր նրան, բայց նա գրում էր այնպես, ինչպես