Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/522

Այս էջը հաստատված է

ինքը գիտեր։ Նա դառնացած էր և նրա համար, որ «օթախ»-ում եղած մարդկանց մոտ թելադրում է Անտոնը, բայց ավելի շատ՝ իր հանգիստն այդպես անակնկալ կերպով վրդովելու համար։ Պամոշնիկը նկատում էր այդ, սակայն շարունակում էր թելադրելը:

Այդ երեկոյան Վասիլը, որ գյուղում թունդ հարբեցողի հռչակ ուներ և, ինչպես քահանան էր ասում, «այդ տկարության կողմանից իրյան պապին էր քաշել»,− Վասիլը հարբած քնել էր գետափի ուռիների տակ, երբ թափահարելով նրան զարթեցրեց գզիրը։ Գաղտնի գրության անունը նրան սթափեցրեց։ Ու թոնթորալով վեր կացավ, բարձրացավ «օթախ»-ի կողմը։ Գրության բովանդակությանը տեղեկանալուց հետո, խորիմաստ «հը՜մմ» արեց։ Անտոնը դուռը փակել էր։− Հը՞։− անհամբեր հարցրեց նա։− Հե՜չ, պրիստավն է գրել...− ծույլ-ծույլ ասաց Վասիլը, հաստատ իմանալով, որ իր պատասխանը չարացնելու է պամոշնիկին, նա սպառնալու է տանուտերին ռապորտ գրելով, և վերջում՝ աղաչանքով խոստանալու է «էն զահրումարից» մի շիշ։ Երբ Վասիլը գրությունը կարդաց ու թարգմանեց, պամոշնիկ Անտոնի գլխին ասես տունը փուլ եկավ...− Ոնց թե կռիվ,− ասաց ու նստեց սկամուն։ Ապա մեկից ծլոնգ եղավ, դուրս եկավ ու դուռը փակելուց գրագրին պատվիրեց, որ ոչ ոքի չհայտնի գրության մասին՝ մինչև իր վերադարձը։

Իսկ լուրը տարածվեց կայծակի արագությամբ։ Վասիլն ինքն էր հայտնում եկողին՝ կարծես նրան ուրախություն էր պատճառում այն արտահայտությունը, որ ունենում էր յուրաքանչյուր լսող։ Վերադարձին Անտոնը զայրացավ, երբ տեսավ օթախում հավաքված մարդկանց։

− Այ խալխ, չամիչ չեն բաժանու՜մ... թողեք մի տեսնենք ինչ պատասխան ենք տալիս... Մի աշիբկա լինի, նոմերը սխալմունք պատահի, դե եկ էդ դարազումեննու պատասխանը տուր... Սա թագավորական գործ է, հանաք մասխարա չի ...

Վասիլը շտամպը մոտեցնում էր բերանին, փչում, ռունգները լայն բաց արած ներս ծծում օղու հոտը, որ ելնում էր իր շնչի հետ։ Փչում էր, ծույլ ծույլ շարադրում և քմծիծաղ տալիս պամոշնիկի խոսքերի վրա։

Արզումանը դռան մոտ կանգնածներին հրելով ներս մտավ։

− Չեստ իմեյու յավիցա, վաշ բլաղարոդի,− բղավեց նա զինվորական պատիվ տալով Անտոնին։

− Կանցիլարը շուտկի տեղը չի՛,− զայրացած պատասխանեց Անտոնը և դարձյալ կռացավ սեղանին։

− Հա՜, լավ... Ռապորտը գրի, թե չէ գիտե՜ս՝ պալևոյ սուդ, կաշիդ մեջքիցդ կհանեն... վա՜յ, Վասիլ Պետրովիչ, դու էլ էստե՞ղ... Ուրեմն