Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/523

Այս էջը հաստատված է

հանաք չի էլի՜ կանտորա, պիշետ։ Հե՜յ, մերը չմեռնի թագավորի։ Ձեռաց գլխի ընկավ, որ Կարմրաքարում զուր հաց ուտող շատ կա։ Սիմոն ապեր,− դարձավ նա մի կարճահասակ ալևորի, որին սեղմել էին անկյունը,− դու էստեղ ի՞նչ գործ ունես։ Քո թայերը թանովը կերել են, երազ են տեսնում։

− Երեխան էլ է,− լացակումած ասաց ծերունին։

− Ստեփա՞նը։ Նա ո՞ր թվի սալդաթն է որ...

− Եսի՜մ... Վասիլի մոտ է թղթերը։

− Վասիլ Պետոովիչ, բա քեզ հետ ե՞րբ ենք մի կատիլոկից բորշ ուտելու։ Թե՞ մնում ես, վիզդ հաստանա, կուղի նման ընկնես խալխի կնանոց ջանին։

− Ասում եմ բերանդ շատ ցրիվ մի տա,− կանչեց պամոշնիկը։ Իսկ Վասիլը գլուխը կախել էր թղթի վրա, իբր թե չի լսում։

− Դե լավ հա՜... Խանչալիդ քարը վեր չընկավ։ Էնպես չի՞, Վասիլ Պետրովիչ... Դավթարում ադրեսս գրի. 117 պենզենսկի պոլկ, տրետի բատալիոն, ավտարո ռոտա պալաչիտ Արզումանու Եդիգարովու... Ադրես գրելիս հավից ճուտից շատ չհավաքես, թե չէ մին էլ տեսար եկա դիվանիդ։

Մի քանի հոգի ծիծաղեցին, մեկը կամացուկ ասաց.

− Երանի Արզումանին։ Գայլի սիրտ կերած է,− Արզամանը լսեց։

− Բա սուգ անե՞մ։ Ինչ եք կարասն ընկած մկան նման թռսխել... Մին էլ տեսաք ցեպ կապած ետ եկանք, դավայ դավայը գցեցինք...

− Ուր է, լեզվիդ մատաղ, քո ասածը լինի,− մրմնջաց Սիմոն ապերը,− սաղ սալամաթ ետ գաք... Մենք էլ նաչար ենք։

− Դե, ժողովուրդ, լսեցի՞ք,− դարձավ պամոշնիկը ներկա եղողներին։ Դրսում հավաքվածները մոտեցան դռանը։– Սպիսոկը սա է...– ու նորից կարդաց անունները։− Լույսը չբացված գյուղամեջին հավաքված լինեն, երեք օրվա պաշարով... Դե հիմա շաղ եկեք, տեսնենք ինչ ենք անում...

− Հա, արևիդ մեռնեմ,– աղաչանքով ասաց Սիմոն ապերը, որի որդու անունը ցուցակում չկարդաց, բայց մի մատյան ևս պիտի քրքրեին,− մեր հոգատար իշխանը դու ես... Բոլորը քո ձեռքիդ են նայում...

Բազմությունն սկսեց ցրվել:

− Եգո՛ր, գնա տուն, ես մեր բաղովն անցնեմ,− ասաց Արզումանը և կորավ մթության մեջ։