Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/526

Այս էջը հաստատված է

գյուղի և իրենց տան համար։ Պամոշնիկ Անտոնին նա սառնասրտությամբ պատասխանել էր.

− Սա պետք է լիներ... Անկարելի էր... Էս տրաքոցին վաղուց էին սպասում։− Զորակոչի ենթարկվածների ցուցակում միայն Գըդլ Պուղու անունն էր, որ դժգոհություն առաջացրեց նրա դեմքի վրա։

− Բա պիլնի՞ն,− մտածեց նա։− Ու մինչև Անտոնը մյուսների անունները կթվարկեր, Մկրտումն իր անելիքը որոշեց։

Փողոցներում անցուդարձն սկսվեց։ Գրաստներին ուտելիք ու գործիքներ բարձած մի քանի հոգի գնացին աշխատանքի։ Ինչքան էլ դաժան ու հանկարծակի էր պատերազմը, բայց և այնպես հարկավոր էր խոտը հարել, հարածը կիտուկներ անել, այգին ջրել, դեղնած գարիներին նայել, որ հունձը չուշանա։ Երբեմն տներից երեխաները վազում էին Բոլոր-քարի մոտ՝ նայելու հո չեն հավաքվել. կամ թե բարձրանում էին կտուրը և նայում պամոշնիկի «օթախի» կողմը, որի առաջ տկլոր ձին դեռ կանաչ էր ուտում։

Իրենց դարբասի անկյունում Ունանը եղբորը համոզում էր այն, ինչի մասին երեկոյան խոսել էր, ու Խաչանը գլուխն օրորելով ասել էր. «վախենում եմ...»։ Ունանը եղել էր ջաղացպանի մոտ. ճիշտ է, նա հայտնել էր միջոցը, սակայն ավելացրել էր. «համա անտերն իսկական զահրումար է... Ջանով տղամարդ պիտի լինի, որ դիմանա... Էն առաջ էր, հիմա Կարմրաքարում ու՞ր է էդպես ոսկոր...»։ Խաչանից Ունանը պահել էր ջաղացպանի խոսքը, թե տղամարդը միայն կարող է դիմանալ այդ «զահրումարին...»։

Մի ներքին ձայն Խաչանին ասում էր, որ միջոցը վտանգավոր է։ Բայց սիրտը մղկտում էր... Ինչպե՞ս պիտի ապրեն տունը, կինը, երեխան։ Ամբողջ գիշերը կինը արցունք էր թափել բարձին, օրորոցի վրա, երբ կռացել էր երեխային ծիծ տալու: Ու հենց ուզում էր բերանը բանա, բարակ աղբյուրի նման արցունքը ծլլում էր։ Այս երկընտրանքը Խաչանին ծանր մտատանջության մեջ էր գցել։ Իսկ եթե խմի մի գավաթ ծխախոտի ջուր, ինչպես Ունանն էր ասում, կազատվի՞ ու տանը կմնա՞... Խաչանը կրկնում էր մոլորվածի նման, «տեսնենք, կամիսիա ընկնենք... Բալքի բրակ են դուրս բերում»։

Հանդում մենակ մնացած եզան բառաչի նման հանկարծ լսվեց գզրի հուժկու ձայնը.

− Հե՜յ, հե՜... գնացողը գա մեյդանը, հե՜յ...

− Բայղու՛շ,− ասաց Թելունց պառավն ու ձեռը չանչ արեց ձայնի ուղղությամբ: