Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/527

Այս էջը հաստատված է

Խաչանը տեղում ձգվեց։ Այդ կանչը նրան ազատեց երկընտրանքից, պիտի գնալ: Ու շրջվեց դարբասով ներս։

− Կա՛ց,− ասաց Ունանը, ձեռքը գրպանը տանելով։− Ձեռքի խաշլուղ կանես, մինչև տեսնենք։ Երեկ երկու բեռ խոտ եմ ծախել զրիկեցի Բախշուն...− ու նրա ձեռքին դրեց խոտի վարձը։

− Գալի՞ս են,− ասաց մեկն ու վազելով իջավ ներքին թաղը։ Մի երեխա կտուրից կանչեց.

− Անտոնը ձին թամքում է...

Եվ իրարանցումն ընկավ։ Սկսեցին կապել, կապկպել, տնետուն վազել թելի, պարանի, հաց փոխ առնելու, գրաստներ սարքելու։ Մի մայր ծնկներին խփեց. նա մոռացել էր պաշարի մեջ աղ դնելու ու ճիգ էր անում հիշելու, թե որտե՞ղ է աղի պարկը։

Կարմրաքարից գնում էին Շուղանց Իսոյի տղան, Խաչանը, Սիմոն ամու որդին, որի անունը գտնվել էր վերջին ցուցակում և հայրը լացակումած վերադարձել էր տուն, մարդ ուղարկել, որ ոչխարատեղից նրան կանչեն։ Գնում էր և Դիլբարի Թևանը, որ Արզումանի հետ էր զինվորությունից վերադարձել, իրեն հետ բերել նախշուն մի ցուցանակ, վրան գրած՝ «ռաստովսկի պարիկմախեր»։ Թևանի միտքը, որպես կետ նպատակ, Կարմրաքարում վարսավիրանոց բաց անելն էր։ Պատերազմի լուրը լսելուց, նա անմիջապես կապոտել էր ցուցանակը, գործիքների մի մասը, պինդ մեխել և տնեցոց պատվիրել մինչև իր վերադարձը չբացել։ Իսկ մնացածը՝ ածելիները, մկրատը, գլուխ խուզելու մեքենան հետը տանում էր։ Կանչում էին Գըդլ Պուղուն, ներքի թաղից երեք հոգու, ժամհար Բարսեղի որդուն։

Գյուղի ծայրին, Զրիկից եկող ճանապարհի վրա, երևացին մի քանի ձիավորներ, որոնք քշելով եկան հրապարակը։

− Գալիս ե՜ն,− ձայն տվին հավաքվածները։ Լսվեց դմբդմբոց, ապա զուռնի բարակ ձայնը: Երևաց տանուտերի սպիտակ ձին, ապա ուրյադնիկ Երոշը, որից հետո ձիավորների ու հետիոտն մարդկանց խուռն բազմությունը։

− Սարի արջերն եկա՜ն,− ձայն տվեց մի երիտասարդ ու վազեց դեպի փողոց։ Կարմրաքարցիք վերի գյուղացիներին այդ անունով էին կոչում անտառապատ լեռան տակ բնակվելու համար։

− Խալխի սրտին դանակ տաս, արյուն չի կաթի, սրանք էլ հարսանիք են գնում,− ասաց Ունանը։

Վերի գյուղի եկողները հասան Բոլոր-քարի հրապարակին ու կանգ առան։ Այնտեղ արդեն հավաքվել էր մի ուրիշ խումբ, որ ստվարացել