Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/531

Այս էջը հաստատված է

− Ռոտա ստրոյսա՛,− բղավեց Արզումանը,− դե լաց եղեք, նանի, զիզի, հոքիր... Սար ու քոլերը ձեզ: Էլ տեսնելու չենք... Պա, պա՛, պռոշտին ջրի գին է,− ու վազեց կտուրի վրա հավաքված կանանց կողմը, շտապ-շտապ սեղմեց նրանց ձեռքը։ Սալբին երեսը շրջեց, արցունքները պահելու համար։ Եգորը մոտեցավ Արզումանին։

− Արի հետս, բան եմ ասելու...

Իրարանցումը գագաթնակետին հասավ։ Կտուրներից իջան ու խումբ-խումբ հավաքվեցին սրա նրա մոտ։ Ձիավորներն զգուշությամբ առաջ անցան։ Շուղանց Իսոյի հիվանդ կինը, որ անկողնուց վեր էր կացել, ճչաց ու կախվեց որդու վզից։ Իսոն արցունքը սրբելով, կնոջ թևից բռնեց։

− Աղջի, երեխի սիրտը խարաբ մի՛ անի, թող պարզամիտ գնա...

− Տերտեր, չեղավ էլի՝ մեր գլխին Ավետարանդ պահես, ասես համո՞զ ես,− ծիծաղելով ասաց Արզումանը և սեղմեց տերտերի ոսկրոտ մատները։

Արզումանը կտուրից նայեց սևացած փողոցին։ Մեկը հեկեկում էր, գլուխը պատին հենած, մի ուրիշը արցունքը սրբելով հուսադրում էր գնացողին։ Խաչանը երեխային դրել էր ուսերին և զրուցում էր Ունանի հետ, իսկ կինը նրանից քիչ հեռու կանգնել էր, կապոցը ձեռին։ Փողոցում երևաց ջաղացպանը։ Նա ՛աչք էր ածում մեկին, Արզումանը տեսավ նրան ու մոտ վազեց.

− Անդրի ամի՜...− ու ջաղացպանը գրկեց նրան։

− Ես մեռած, դու սաղ... Արզուման, սալամաթ վերադառնաս, դու էլ խեղճ ես...

− Գալու եմ, Անդիի ամի։ Հալա ի՜նչ օրեր ենք տեսնելու՜...

Կտուրի վրա խորթ մայրն էր, ջաղացպանի կինը, Սալբին։ Տերտերի կինը մի խմբից մյուսն էր վազում։ Թևերը լայն բաց արած, իբրև ծեր սագ, լնգլնգալով մոտեցավ Թելունց պառավն ու փաթաթվեց Արզումանին.

− Մի մոր տղա էլ դու ես, բալա ջան, ինչ ես եթիմի պես կանգնել...– Արզումանը զգացվեց, աչքերը տաքացան։

− Չորտ ևո, խայտառակ են անելու հա՜,− ասաց նա, թևով աչքերը սրբելով:

Պամոշնիկ Անտոնը ձգեց ձիու սանձը։ Նրա առաջից գնում էին դհոլ զուռնան ու հետիոտն մարդկանց խումբը։ Եվ թափորը շարժվեց դանդաղ, անկանոն,− շարժվեց, ասես այդ զանգվածն իբր կենդանի միս պոկում էին գյուղի մարմնից, կտրատվում էին հազարավոր թելեր, անասելի ցավ պատճառում թե՛ նրանց, որոնք պաշարը շալակած գնում