Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/538

Այս էջը հաստատված է

Ու հոգնած նստեց պատի տակ։ Արևը ջերմացնում էր քարերը։ Բանջարի ծիլերը աղվամազի նման սպիտակին էին տալիս։ Կարմիր բողոճները խռնվել էին քարերի տակ։ Նրանք զուգավորվում էին. ծանրած էգերը տաք ավազի մեջ թաղվում էին և շարում սպիտակ ձվերը։ Քարի արանքից մի խլեզ գլուխը հանեց, շարժեց լեզուն և համոզվելով, որ վտանգ չկա, պառկեց քարե անկողնու վրա։

Զեյթայի իրարանցման աղմուկը հասնում էր նրան։ Պորուչիկ Կրասիլնիկովը մի քանի սպաների հետ եկել էր։ Նրանց միացել էին Անդրսակի Կոլյան, կոմիսար Տիգրանը և մի քանիսները, որոնք սեփական ձիեր ունեին, ձիեր, որոնք միշտ կերել էին ուրիշի քրտինքի գարին, ինչպես տերերն՝ ուրիշի վաստակը։ Պորտաբույծ այդ մարդիկ թղթի վրա հիշատակվում էին զանազան պաշտոններում, սակայն մեծ մասը թրև էր գալիս սպաների հետ և կազմում էր, ինչպես Կոլյան էր անվանել, «ոսկե կամպանիան», որի թագուհին Իվան բեյի աղջիկն էր։

Այդ «ոսկե կամպանիային» մի քանի հոգի միացել էին «ինտերեսի» համար։ Նրանք կռիվ չէին տեսել, եկել էին տեսնելու «ահեղ պատերազմ»։ Սակայն գյուղ մտնելու առաջին ժամից հիասթափվեցին և չտեսան թշնամուց գերված բանակներ, թնդանոթներ, դիակի կույտեր։ Սպանվել էր միայն մեկը և այն էլ ավարի ժամանակ։ Սպանել էր ոչ թե թշնամու գնդակը, այլ պատից ընկած քարը։ Մի քանիսն էլ նույն եղանակով ջարդել էին թևերը։ Մեկի ոտքն էր վնասվել, հորի բերանի սալ քարը ճեղքել էր թաթը։ Իսկ թշնամին չէր թողել ոչ մի դիակ, ոչ մի վիրավոր։ Եթե ունեցել էին սպանվածներ, կամ տարել էին դիակը, կամ հողին հանձնել:

Եկել էր պորուչիկը և բերնեբերան տարածվել էր նրա հրամանը՝ ոչ ոքի առանց խուզարկության գյուղից բաց չթողնելու։ Գյուղի զանազան ճանապարհներին արդեն հսկում էին ձիավորները։ Գյուղացիներից նրանք, որոնք ճողոպրել էին մինչ այդ, մնացողների նախանձի առարկան էին։

Նրանք իրար ականջի փսփսում էին այն կածանները, որոնցով կարելի էր ավարն անցկացնել ձիավորների օղակից։ Սակայն ժամ առ ժամ շղթան պինդ էր սեղմվում։ Մի քանիսը ետ էին վերադարձել։ Պտտվում էին լուրեր, որ պորուչիկը ձիավորներ է ուղարկել Զրիկ և մյուս գյուղերը՝ տները խուզարկելու։

Իսկ հրապարակում մի սպա և «ոսկե կամպանիա» Կոլյան ցուցակագրում էին գորգերը, նախիրը, ցորենը, գարին, որ ամբոխը հանել էր գոմերից, հորերից, տներից։ Այդ ամենը պետք է գնար «բանակի պետքերին», ինչպես հայտարարել էր պորուչիկը։ Մուրոյի ձիավորներից մի քանիսն առաջ էին անում հավաքած տավարը դեպի Անդրսակ։