Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/539

Այս էջը հաստատված է

Գյուղի հրապարակը նմանվում էր արևելյան խառնիխուռն շուկայի։ Մի տեղ պղինձն էր դարսված, մեծ ու փոքր կաթսաները, կժերը, դորակները, մյուս տեղը՝ զանազան ձևի հին ու նոր սամովարներ, երրորդ տեղը՝ մթերքը։ Կարպետների և գորգերի փոշին երկինք էր բարձրանում և խառնվում փլված տների փոշուն, ձիավորների խարույկների ծխին ու կրակին, որի շուրջը մորթած անասունների արնոտ կաշի էր, փորոտիք, բաց ու սառած աչքերով եզան գլուխներ, որոնց երակներից դեռ կաթկթում էր արյունը։

Զինվորները մտրակի կոթով, գռռալով, հայհոյելով ավերակ դարձած տների թաքստոցներից և փողոցներից դեպի հրապարակն էին քշում մարդկանց ու կանանց։ Ոմանք շտապում էին թաքցնելու այն, ինչ քիչ առաջ ահագին դժվարությամբ հանել էին թաքստոցից, ոմանք թողնում էին շալակը և մտածում գլուխն ազատելու։

Կանայք կախվում էին ձիերի վզից, մտրակներից, ասպանդակների երկաթից և նրանցից յուրաքանչյուրը աղիողորմ ձայնով, լալով աղաչում էր «մի կոտ գարի», «մի բուռ աղ», «էս պարկ ալյուրը տանը մնացած եթիմների համար...»։ Իսկ ձիավորները քշում էին մտրակով, ձիու գլխով, քշում էին ինչպես տեղին անվարժ նախիրը։ Ոմանց հաջողվում էք ճողոպրել և՛ ծոր-ծոր քարերով, և՛ քարափներով, երեսն ու ձեռքերը արյունլվա մայրը ազատվելով թակարդից, վիրավոր գազանի նման շտապում էր որջը, քաղցից բերանը բաց արած ձագուկների մոտ։

Փողոցների աղմուկը հրապարակում ավելի էր սաստկանում։ Մեկը գոռում էր, որ պարանը տնից է բերել, մյուսը հարևանին վկայության էր կանչում, թե գարու տերը՝ Իմրանը իրեն տալացուկ է երկու սոմար և նա միայն մի սոմար է վերցրել, երրորդը խնդրում էր ամեն ինչ առնել, միայն կռոճ աղը թողնել նոր ծնած կովի համար։

Սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձնում ո՛չ նրանց բողոքին, ո՛չ աղերսին։ Ամբոխի մեջ արդեն լսվում էին ինքնանախատինքի և անեծքի կանչեր.

− Հարևանի մալը հարամ է, ա՜յ խալխ...

− Սրա տերը հրեն սարումը սառչում է...− Եվ կանչողը ձեռքը մեկնում էր կարպետին, որի մի ծայրից քաշում էր զինվորը, մյուսից նոր տերը։

Ճշմարիտ էր կանչում մարդը։

Այդ րոպեին, երբ գյուղի հրապարակում խլխլում էին տներից հավաքած գույքը, տերերի առաջապահ մասը մեծ տանջանքով, բուք ու բորանը ճեղքելով արդեն անցել էր լեռնաշղթան, նրա ձյունոտ լանջերին