Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/540

Այս էջը հաստատված է

խոթելով բուքից խռնված և մոլորված անասուններին: Ինչ գնդակը չէր արել, կատարում էր դառնաշունչ բորանը։ Երբ հալչեր ձյունը, լեռնաշղթայի կատարին բացվեր կանաչը, պիտի երևային ձյունում խեղդված և գայլերից հոշոտված անասունների մարմարի նման սառն ու մաքուր ոսկորները։

Չոլախն աղմուկի վրա գնաց դեպի հրապարակը:

− Օխա՜յ, ձեր տեղն է,− ասաց նա։ Երբ ձիավորը բռունցքով խփեց Մուքելի տղային, Պուղանը ուրախացած վեր-վեր թռավ։

− Հրեդ հա՜, մե՛կ էլ, մե՛կ, էլ, մե՛կ էլ...− Չոլախը բազմության մեջ տեսավ Շինականին։

− Դո՞ւ էլ,− ու հանդիմանանքով նայեց նրան։

− Պուղան, էս մեր Ֆահրատի եթիմների պղինձեղենն է... Հավաքել եմ շան փայ չլինի։ Հիմի ճամփեքը պաստավոյ են դրել։

Պուղանը նրան գլխով արեց։ Շինականը կապոցը շալակից իջեցրեց։ Տների հետևով նրանք հասան Թեմուրի պարտեզը։

− Դի՛ր տափին...− Ու թռավ ցանկապատից, ցախերը հանեց, ծածկեց բեռը։

− Պուղան, ախր մեշոկը ի՛մն էր,− տրտնջաց Շինականը։

− Հետով,– խեղդված ասաց Չոլախը,− թող հանդարտվի, հետով։

Շինականը չոր ցախերի մի կույտ ավելացրեց վրան, ապա քար լցրեց, որ քամին չցրեր ցախերի կույտը։ Ու բաժանվեցին. Շինականը դեպի գյուղը, Պուղանը՝ Կաղնուտի ձորը։

3

Մարցա ձորը Զեյթայի տակովն է անցնում։ Բարակ առուներ են, որոնք ջրում են գյուղի բոստաններն ու չիմանները, ապա աստիճանաբար միախառնվում, միանում Զեյթայի ձորով եկող ջրին և Կարմրաքարին չհասած՝ անունն ու գույնը փոխում, մտնում Կարմրաքարի հանդերը, իբրև Մարցա ջուր:

Չոլախը ջրի ափով իջնում էր ինքն իր մտքի հետ։ Ինչպես ալիքն ալիքին հրում էր ու չէր հասնում, այնպես էլ նրա մտքերը վազում էին, մեկը չլրացած, մյուսն էր ծնվում։ Այդ խեղճ մարդը մտածում էր լսածի և տեսածի մասին։ Կարծես այդ օրը Զեյթայում մնացել էր մի ուրիշ Չոլախ և նրա փոխարեն վերադառնում էր ծանր խոհերով մարդը, որ ելք էր փնտրում, հազար դուռ է բախում ու ելքը չի գտնում։

Նա հիշում էր գյուղի խաղաղ առօրյան, ապա պղտորվելը։ Առաջ