Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/541

Այս էջը հաստատված է

փլվեց մի պատնեշ, մի վարար ջուր մտավ պարզ ծովը: Պղտորվեց ջուրը, հետո ուրիշը, երրորդը։ Չտեսնված մարդիկ երևացին։ Ու՞ր գնաց Թեմուրը։ Նա ծանր էր լսում. երևի կրակոցները չի լսել։ Եվ ավելի լավ, խաղա՜ղ, անվրդով կմեռնի։ Իսկ ինչու՞ նա պիտի մեռնի տաք հարթավայրում և ոչ թե հայրենի տանը։

Նրա ուշադրությունը գրավեցին վերևից լսվող մի քանի ձայներ: Վերևը ճանապարհն էր։ Երևում էին ձիերի և ձիավորների գլուխները։ Մի սպա կռացել էր ձիու դիմացը կանգնած կնոջ կողմը։ Կինը մի պարկ էր շալակել։ Չոլախը պատի տակով բարձրացավ դեպի վեր: Ճանապարհից քարեր էին թափվել, տեղը զառիվայր մարգագետին էր, որի վրա բուսել էին մասրենու թփեր։ Տերը կիտել էր քարերը, այդ անմշակ սարալանջը դարձրել խոտատեղ։

− Էս Ֆահրատի եթիմների ղորուղն է,– հիշեց նա։

Վերևից ձայներն ավելի պարզ լսվեցին։ Չոլախը տապ արեց պատի տակ։ Նրա ականջին էր հասնում խոսակցությունը։ Ձիավորը բղավեց.

− Քավթա՛ռ, քեզնից ի՞նչ է գնում...

Չոլախը գլուխն զգուշությամբ վեր հանեց։ Շալակով կինը ուսի պարկը մեկնեց պառավին։ Պառավը երեսին խփելով գնաց։ Սպան իջավ ձիուց... Ձին գլուխը կախեց ճանապարհի վրա։ Մարդը քաշեց կնոջ թևից և կինը ներքև իջավ։ Ապա նրանք ծածկվեցին մասրենու թփի հետևը:

Չոլախն աչքերին չհավատաց։ Ինչ տեսել էր այդ օրը, չքացավ այս տեսարանի առաջ։ Նա զայրույթից գունատվել, դողում էր։

− Պառավի հարսն էր... Մի պարկ ալյուրի համար...

Այդ ամենախոր վիհն էր, որ ճեղքվեց նրա առաջ... Ավելի հեռուն էլ ոչինչ չկար նրա գիտակցության համար: Սարսափելին էլ ուրիշ բարձունք չուներ։ Չոլախը գլուխը կախել էր գետնին։ Նրա երեսը տաքացել էր, ուզում էր գլուխը վեր հանի, բայց չէր կարողանում: Ամո՞թն էր, վա՞խը, թե՞ մի ուրիշ զգացում, որ նրան մեխել էր այդ դրությամբ։ Նրա աչքն ընկավ քարերին։ Այստեղ էլ տաքանում էին նույն կարմիր բողոճները։ Ամեն տեղ նույնն է, նույն գարունը, ջրերը... Ու հողի վրա մարդուն դժվար է ապրելը։

− Հայ է՞...− հարցրեց Չոլախը և գլուխը վեր հանեց։ Սպան բարձրանում էր դեպի ճանապարհը, իսկ կինը գնում էր ճանապարհի տակավ: Գնում էր և օրորվում, կարծես հիմա պիտի ընկներ:

− Հայ է՞,− նորից կրկնեց իր հարցը և աչքերը փակեց,– էս բողոճը հա՛յ է, էս ջրերը հա՛յ են, Թեմուրը հա՛յ է, ես հա՛յ եմ, նա հայ չի՛, չի՛, ասում եմ:− Կարծես խոսում էր աներևույթ մարդու հետ: Եվ քար շպրտեց դեպի ներքև: