Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/542

Այս էջը հաստատված է



Պատի գլխին մի այլ ձիավոր խոսեցնում էր մի ուրիշ կնոջ: Չոլախը որ նայեց, կինը շրջվել էր դեպի ջուրը և աչքերը լայն բաց արած, նայում էր անտառին: Չոլախը ճանաչեց Վարսենիկին։

− Էս լիրբն է՞լ է էստեղ,− զարմացավ նա և աչքը չկարողացավ պոկել նրանից։

Ի՞նչ էր մտածում Վարսենիկը։ Փոքրիկ բեղերով մի սպա նրա չորս կողմը շուռ էր գալիս, բարձրանում ոտների վրա, որ նրա ականջին խոսք ասի։ Իսկ Վարսենիկն արձանի նման կանգնել էր։ Ոտների առաջ, քարի վրա մորթե պարկն էր։

− Համոզում է,— մտածեց Չոլախը։

Հանկարծ շառաչեց ապտակը, փոքրիկ բեղերով մարդու գլխարկը թռավ մի կողմ։ Մի ձիավոր շտապեց։ Կինն իրեն գցեց դեպի չիմանը, ձիավորը կրակեց երկու անգամ։ Չոլախը տեսավ Վարսենիկին թփերի հետևը ու աչքից չքացավ։ Ձիավորը ձին քշեց, բայց ձին վախեցավ լանջից, ետ քաշվեց ու ծառս եղավ հետևի ոտների վրա։ Փոքրիկ բեղերով մարդը գլխաբաց վազեց նրա հետևից։ Ներքևից լսվեց ատրճանակի կրակոց։ Քիչ հետո, մարդը հայհոյելով, իբրև հարբած բարձրացավ դեպի ճանապարհը։ Թփի վրա ծվեն-ծվեն դրոշակի պես օրորվում էր Վարսենիկի շալը։ Մարդը մոտեցավ, նայեց ու մի անգամ էլ կրակեց։ Գնդակը տրաքեց քարին ու քարից կտորտանք թռավ։ Վերից մեկը ծիծաղեց, իսկ մարդը ռուսերեն խոսք ասաց։ Երևի հայհոյում էր։

Չոլախը սողալով իջավ ձորը, թռավ բարակ ջուրը։ Երբ մտավ անտառը, մի քիչ հանգստացավ։ Ապա գնաց ջրի ափով... Ոչ մի տեղ ոչ մի հետք։ Փախել է կամ պահվել է անտառում։

Եվ կաղ ոտի կողմը ծռվելով, արագ անհետացավ մթին թավուտներում, ինչպես գազանը։ Նա գնում էր, կարծես իր կյանքում միայն մի անգամ էր մարդուն տեսնել, նրա գործը, նրա կյանքը և սարսափահար շտապում էր տեսածը պատմելու Կաղնուտի ձորի միամիտ մարդկանց։

Երեկոն իջավ խաղաղ, ինչպես իջնում է գարնանամուտի մաքուր և անփոշի երեկոն։

Խաղաղվեց Զեյթան, ձորը, անտառը։ Ոչ տուն էր երևում, ոչ ճրագ, ոչ շան հաչոց էր լսվում։ Միայն հրապարակի խարույկն էր, որի կարմիր լույսերի տակ, ծխի քողի արանքով երևում էին ձիու հաստ գավակներ, գլուխներ։ Խուրձերի վրա նստոտել էին Քյուրդ Մուրոյի գիշերապահ ձիավորները։ Կրակը կարմիր շողք էր գցում արծաթ թրերի ու պողպատի վրա։

Խարույկը հաստ գերաններից էր, որ հավաքել էին մոտակա տներից։ Նրանց ծայրերը վառվելուց հրում էին։ Երեք վիթխարի գերան եռոտանու