Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/543

Այս էջը հաստատված է


ձևով դեմ էին արել իրար։ Ու գագաթից, ճիշտ խարույկի վրա, կախել էին գոմեշի չափ խոշոր տավարի մարմինը, որ թեժ կրակից կարմրել ու ճարպ էր կաթկթում։ Դրանից բոցն ավելի էր բռնկվում։

Երեկոյան դեմ, երբ Զեյթան դատարկվել էր, հանկարծ ձիավորները նկատել էին ամեհի ցուլը, որ սարից պոկված ժայռի նման, գլորվում էր դեպի գյուղը։ Նա մռնչում էր կատաղությամբ, փորփրում ձյունը, ամուր ճակատը խփում քարին, սառած գետնին, կարծես ուզում էր գլուխը ջարդել:

Ձիավորներից մեկն ասել էր, որ ցուլը կատաղած է։ Մի քանիսն իրոք հավատացել էին և մոտեցել ձիերին։ Եթե ցուլը հարձակվեր, նրանք պատրաստվում էին ձիերը հեծնելու։ Իսկ ցուլը գյուղի վերևը մռնչացել էր, թաց ռունգով հոտոտել գարնանամուտի գետինը։ Նախիրի՞ց էր ետ ընկել, ճանապա՞րհն էր մոլորել, թե՞ երնջի հոտ էր ընկել քթովն ու վերադարձել էր գյուղ։

Աղբյուրից ցուլը կուշտ ջուր խմեց, հանգստացավ։ Զինվորներից մի քանիսը մոտեցան, ցուլն արնոտ աչքերով նայեց նրանց։ Նրա ճակատից արյուն էր կաթում, կաշին քերծել էր։ Ցուլը նայեց, ապա հաղթ վիզը կեռացրեց, գլուխը խոնարհեց, որպեսզի ոստյուն գործի։ Այդ վայրկյանին երկու հրացան միասին պայթեցին ու նա ոստյունի փոխարեն գլորվեց մահվան ցնցումներով։ Մեկի լայն թուրը վերջ տվեց նրա ցնցումներին ու խռոցին։

Այդ ցուլն էին կախել գերանների եռոտանուց։ Նրա մարմինը կարմրել էր և կրակի ցոլքը խաղում էր մկանների ողորկ խուրձերի վրա։ Եթե զինվորների շողշողուն զենքերը չլինեին, հեռվից դիտողը կկարծեր, թե քարե դարի մարդիկ են հավաքվել խարույկի շուրջը և կրակի վրա կախել մի կենդանի, որից այժմ մնում են բրածո ոսկորներ։

Գիշերը թանձրանում էր։ Խարույկի լույսը հասնում էր մինչև դիմացի անտառը։ Լուռ տները չէին նմանվում ավերակների, որովհետև ոչ նրանց պատերն էին մամռոտ, ոչ սևացած գերաններն էին երևսմ։ Կարծես համր տների տակ քնել էր հողի մշակների հոգնած բազմությունը, քնել էր վարուցանքից հետո ու գիշերապահների կրակն էր հսկում նրանց անվրդով քունը։

Սարից քամի իջավ։ Քամին խաղում էր կրակի ալիքների հետ, մերթ կրակը պառկում էր գետնի վրա, մերթ ծուլ լինում մինչև եռոտանու գագաթը: Ցուլը ոսկեգույն էր դառնում։ Կրակի շուրջը հավաքվածների ստվերը ձգվում էր մինչև անտառը։

1928