Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/545

Այս էջը հաստատված է

և թեթև մարդուն, որի նիհար և ոսկրոտ դեմքի վրա շատ պարզ երևում էր մոմի լույսը և ստվերը։ Նա այլևս չէր ծխում։

Պարրոտը խուլ ձայնով ասաց.

− Ես ձեզ, սիրելի Աբովյան, այժմ կհայտնեմ մի տեղեկություն, բայց պետք է խնդրեմ, որ ոչ ոքի չասեք, նույնիսկ տիկին Աուսլենդերին:

Այդ ամենը հանկարծակիի բերեց երիտասարդին։ Կար մի սառնություն պրոֆեսորի խոսքի մեջ։ Նա ուրիշների ներկայությամբ էր նրան ազգանունով կանչում։ Իսկ ինչու՞ հիշատակեց տիկին Էլոիզին։ Կարծես թե ներս մտավ այդ կինը և խշշաց զգեստը, ինչպես թե քամին անցավ չոր խոտերի վրայով... Ոչ, այդ պատրույգն էր, ճարճատեց մի վայրկյան, թրթռացին ստվերները և նորից լույսը խաղաղվեց։

− Իմ սիրելի Արմենիեր[1], այսօր ես նամակ ստացա իմ մի բարեկամից, որը վերջերս եղել էր ձեր երկրում և այժմ Սանկտ-Պետերբուրգումն է։ Նա ինձ միանգամայն ծածկաբար տեղեկացնում է, որ ձեր հայրենակիցները ետ են առել իրենց երդումը և նոր վկայություն են տվել, որ մենք Արարատի գագաթը չենք բարձրացել...

− Ինչպե՞ս,− ճչաց երիտասարդը և թռավ ոտքի։ Նա նման էր դատապարտյալին, որին հայտնում են, թե վեր կաց, ահա գալիս են քեզ տանեն այնտեղ, ուր պատրաստ է գերեզմանի փոսը։ Նա լսում է դահիճի քայլերի ձայնը և մի վայրկյան սառած կանգնում է, բռունցքները սեղմած, աչքերի մեջ և՛ ահ, և՛ ցասում։

− Ինչպե՞ս թե չենք բարձրացել,− բոլորովին մեղմ հարցրեց երիտասարդը, սակայն այդ մեղմությունը ավելի զարհուրելի էր, քան առաջին ճիչը:

− Ես խնդրեցի, որ չվրդովվեք, իմ ազնիվ բարեկամ,− կարեկցանքով ասաց պրոֆեսորը։

− Գուցե լուրը սխալ է։

− Դժբախտաբար ճիշտ է։− Նրանք լռեցին։ Մոմն ուրախ վառվում էր։ Պահարանի հետևը մի մուկ սղոցում էր տախտակը։ Նա ևս լռեց, իր համար մի չարագուշակ բան զգալով ընդհատված ձայների մեջ։

− Այնուամենայնիվ հարկավոր չէ հուսահատվել,− և պրոֆեսորն սկսեց քայլել մանր և համաչափ քայլերով, ձեռքերը մեջքին բռունցք արած: Նա մոտեցավ պահարանին և դառնալով երիտասարդին՝ հանդարտ և ինքնավստահ ասաց.− ճշմարտությունը մի օր կհաղթի... Մեզանից հետո ուրիշները կբարձրանան և նրանք կտեսնեն մեր հետքերը։

  1. Արմենիեր − հայ: