Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/546

Այս էջը հաստատված է

Իսկ մինչ այդ ես կարագացնեմ իմ գրքի լույս տեսնելը և թող այն ժամանակ խոսեն, որքան կամենան։

Դիակոնուսը լուռ մտածում էր։ Ինչքան մտածում, այնքան նենգ և ստոր էր երևում այդ դավադրությունը։ Ո՞վ կազմակերպեց. Հովհաննես վարդապե՞տը, լուսարար Սիմեո՞նը, թե՞ այն կիսախելագար եպիսկոպոսը, որ կատաղի հայհոյանքով հարձակվեց նրա վրա, երբ ներս մտան վանքի բակը։ Հայհոյեց, բայց երբ վանքի դպիրը ծոցից հանեց այն սրվակը, որի մեջ արդեն հալվել էր Արարատի գագաթից վերցրած սառույցը, այդ կիսախելագար վանականն առաջինը հարձակվեց նրա վրա և սրվակը խլելով, սկսեց ճակատին և ձեռքերին քսել այն ջուրը, որ բերել էին Նոյան տապանի սառցադաշտից, հետո հարձակվեցին ուրիշ վանականներ՝ ճպռոտ և թարախոտ աչքերով, ինչ-որ անդամալոլյծ մուրացիկներ, այլանդակ մարմնով խենթեր, որոնք անտիրական շների նման թափառում էին վանքի բակում և շուտով բորբոսնած, կիսամերկ և զարհուրելի մարմինների մի գունդ խլրտում էր ահռելի գոռում-գոչյունով, կարծես թպրտում էր մի վիթխարի մորմ, որի մարմնի վրա վխտում էին նրա անթիվ ձագերը։

Վանքի երբեմնի դպիրը մոռացել էր այդ և այդպիսի դառնություններ։ Նրա հիշողության մեջ պարզվել էր պղտոր դիրտը և ինչպես քարից ընկնող կաթիլներ, մաքրվել էր հինը ժամանակի ընթացքում և նա հիշում էր վանքի չինարիները, որից այն կողմ անեզր դաշտն էր՝ Բարդողյան լեռները, դեպի արևմուտք՝ մի այնպիսի հարթավայր, որ նման էր ծովի և որի մեջ ընկղմում էր արևը։ Նրա աչքերի առաջ հառնում էր վանքը՝ դարմանի և ցորենի շեղջակույտերով, նախիրներով, որոնց բառաչը խլացնում էր երեկոյան զանգահարությունը և այդ ժամանակ վարժատան սաներն ու խցի մոնթերը վազում էին դեպի գոմերը, որպեսզի մածնատան պառավներից խնդրեն մի-մի քրեղան թարմ կաթ։ Նա հիշում էր զրույցներն այն թափառական գզրարների, որոնք ձմեռներն ապրում էին ճգնավորի անմարդաբնակ խուցերում, գզում էին բուրդ և բամբակ ու միալար աղմուկի մեջ գզրարը պատմում էր երգելով և երգի հետ ալիք-ալիք դիզվում էր բամբակը...

Նրա աչքերն արցունքով լցվեցին, նա սեղմեց շրթունքները և ջանաց, որ արցունքները սառչեն և չթափվեն: Ձախ այտի մկանները խաղացին։

Մի քիչ հեռու կանգել էր պրոֆեսորը և ինչ-որ բան էր մտածում, գուցե և աննպատակ նայում էր դարակի գրքերին։

Հանկարծ երիտասարդը գրկեց նրա երկու ձեռքը և նրա ձայնը դողաց.