Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/547

Այս էջը հաստատված է

− Ես խնդրում եմ ներեք իմ հայրենակիցներին... Այդ գործի մեջ խառն է մեկի չար ձեռքը և իմ հայրենակիցները իրենք էլ չեն իմացել, թե ինչ են արել։ Իսկ ես գիտեմ, թե ինչքան են ծեծել այն խեղճ գյուղացիներին, մինչև նրանց ստիպել են ետ առնել առաջին երդումը... Բայց ես եմ վկան, ես,− և նա ուժգին զարկեց կրծքին։ Նրա ջինջ աչքերի մեջ արցունքի շղարշի միջից ցոլանում էր անխարդախ կիրքը,− պատվո խոսք եմ տալիս և երդվում եմ իմ կյանքով...

− Ես քանի անգամ խնդրել եմ, որ այդպիսի բառեր չասեք,− ընդհատեց պրոֆեսորը այն տոնով, որով նրան սովորեցնում էր պարզ հնչել բառերը, բարձրաձայն ընթերցել, արտահայտությունների մեջ զուսպ լինել, չերդվել ո՛չ աստծո անվամբ և ո՛չ ազնիվ խոսքով, այլ ասել միայն ճշմարիտը,− մի խոսքով դաստիարակի այն սառն եղանակով, որով գերմանացի պրոֆեսորն անխնա մկրատում էր արևելցու հախուռն բնավորությունը, համարելով այն հետևանք ասիական խավար միջավայրի: Դիակոնուսն ուրիշ ժամանակ դպրոցականի նման կուղղեր իր սխալը, բայց այս անգամ նա ազատ արձակեց սանձերը.

− Ես կապացուցեմ, որ մենք բարձրացել ենք գագաթը, որ նրանք անազնիվ ստախոսներ են... Եվ ես կիմանամ, թե ո՛վ է ստիպել գյուղացիներին ուրանալ իրենց երդումը... Միայն խնդրում եմ ներեք նրանց, իմ խեղճ, իմ անբան հայրենակիցներին...

Եվ զսպված արցունքները ցայտեցին։ Նա հեկեկաց, ինչպես երեխան, որ լսում է մոր հանդիմանությունը, բայց հանկարծ բաց է ընկնում մի ջիղ, մի մկան, ամեն ինչ խառնվում է և այլևս չի կարողանում արցունքները պահել...

2

Նա վերադարձավ յուր սենյակը... Փորձեց դասերը պատրաստել և չկարողացավ։ Ապա վերցրեց մատիտը, որպեսզի շարունակի գծագրել այն քարտեզը, որի վրա նա աշխատում էր մեծ եռանդով, միտ դնելով իր գծած հայերեն առաջին քարտեզը («աշխարհացույցը»− ինչպես ծաղկանկարել էր արդեն), որ նվիրել էր բարերարին՝ Ֆրիդրիխ Պարրոտին,− բայց աչքն ընկավ այն վանդակին, որտեղ պիտի գծագրեր Մասիսները, և մատիտը մի կողմ դրեց։ Նա ընդոստ վեր թռավ տեղից և գնաց դեպի անկյունը։

Այնտեղ «մյուջրին» էր, գույնզգույն թիթեղներով զարդարված սնդուկը, որ Միրզամի հետ միասին գնել էին Երևանի չարսու–բազարում։