Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/548

Այս էջը հաստատված է

կողպեքի լեզվակը մի քանի անգամ զրնգաց տխուր և երկար ելևէջով, ինչպես թառի սիմը: Մյուջրին բացվեց և բարձրացավ մի հնամենի բույր։ Այդ սնդուկի մեջ էր այն ամենը, ինչ նրան մնացել էր իբրև հիշատակ հեռու հայրենիքից, քաթանե մի շապիկ, որ ուներ մոխրաջրի և աթարի ծխահոտ, մի զույգ ջորաբ, որ պաշարի հետ դրել էր հորաքույրը՝ Օսան խաթունը, մի քանի գրքեր, որոնցից խոնավության և խունկի հոտ էր գալիս, ճրագուի մոմեր, խունկ, որ հետն առել էր օտար աշխարհում ծխելու, երբ բոլորեին հայրենի տոները։ Կարմիր աղլուխի մեջ փաթաթված էր ուրարը, սարկավագի ջիբրուն և սաղրի քոշերը, որոնցով տնից ճանապարհ էր ընկել։

Նա մի կողմ հրեց այդ բոլորը և սնդուկից հանեց սև զեյթանով կապած թղթերը։ Քանդեց զեյթանը և աչքին ընկան զմուռսով կնքած ծրարներ, մի դեղնած թուղթ, որի վրա հազիվ ընթերցվում էին կխտորի թանաքով գրած առաջին ընդօրինակումը Մաշտոցից։ Կար և սպիտակ թերթ, որի եզերքը ծաղկագրել էր վանքի դիվանատան ծաղկարարը։ Թղթի այդ կապոցից նա վերցրեց մի տետր և մոտեցավ սեղանին։

Այդ տետրի մեջ էին նրա ճանապարհորդական տպավորությունները, գրված թարմ հետքերով... Նա ագահությամբ սկսեց կարդալ... Յուրաքանչյուր տողը, նույնիսկ ջնջված բառերը նրա հիշողության մեջ արթնացնում էին ամբողջ ուղևորությունը՝ Մսրա դռներից մինչև լեռան գագաթը...

«Ծխայր, խաղայր հորձանուտն Արաքս... Որդն կարմիր, ըստ տաճկաց հնչմանն՝ ղըրմըզ»։ Դիտում էին Արաքսի կոհակները, երբ Շիմանը նրանց կանչեց։ Նրանք տեսան նախիրը, որ գալիս էր, և բոլորի կճղակները, մռութները, նույնիսկ մի քանիսի կուրծը, և փորի տակ ներկված էին կարմիր, ալ կարմիր, կարծես կովերն անցել էին արյան լճերով։ Թուրք նախրապանը հասկացրեց օտարականներին, որ նախիրն անցել է սեզ խոտերի միջով, որոնց վրա վխտում են կարմիր որդերը։ Նրանք գնացին նախրապանի ցույց տված կողմը և տեսան որդերով ներկված դաշտը, կարծես իրարից հեռու մորթել էին մատաղացու եզներ և արյունը շաղ տվել խոտերի վրա։ Բեհագել ֆոն Ադլերսկրոնը, որ հավաքում էր զանազան տեսակի խոտեր, զեռուններ և քարեր, մի փոքրիկ սրվակ լցրեց այդ որդերով, իսկ Արմենիերն ասաց, որ երբ վերադառնան, նա վանքում ցույց կտա մի ծերունու, որն այդ որդերից պատրաստում էր ոսկեգույն կարմիր։

− Այս երիտասարդը մեզ շատ օգտակար պիտի լինի,− գերմաներեն ասաց պրոֆեսորը։ Իսկ ինքն ամաչեց, ենթադրելով, որ նրանց