Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/55

Այս էջը հաստատված է

Մի կաղ, ձեռքի մեկը չորացած, պառավ աղջիկ կար գեղում, որ սրա-նրա փռած ցորենն էր պահում կամ կտուրի վրա մեկնած չորաթանը։ Աղջիկները նրան «Պետու հարս» էին ասում և ծիծաղում, իսկ պառավ աղջիկը, կաղ և ձեռքը չորացած, ունքերը կիտում էր, զայրանում, հայհոյում և հետո էլ ժպտում ամոթխած։

Մի միտք, որպես ամպի ճերմակ քուլա ամառվա լազուր երկնի վրա, ցանկալի մի միտք լողում էր հանդարտ պառավ աղջկա ուղեղում.

− Եթե այդպես լիներ, Պետին իրեն ուզեր...

Մարագում, դարմանի վրա պառկած, գիշերով հանկարծ Պետու միտն էր գալիս աղջիկների ծիծաղը, Զառի աքոր խոսքը, թե՝

− Կնիկ ա՛ռ, այ փուչ մնացած։

Միտքը ման էր ածում գյուղի ծանոթ տներում, աղջիկներին վերհիշում։ Մի պահ թվում էր իրեն, որ լավ կլինի, եթե կնիկ ունենա, իրիկունը տուն գա, մեկը լինի, որ տաք ապուր եփի և տեղաշորը փռի։ Բայց հարմար աղջիկ չէր գտնում։ Չէին տա, գեղում իրենից լավ և ունևոր մարդ շատ կար։

Մարմինը եռում էր, քոր էր զգում և քնաթաթախ երկար եղունգներով քորում էր մարմինը, ինչպես եզն էր քորում վիզը՝ մի հաստ քարի կամ սյունի քսելով։ Միտն էր բերում և կաղ աղջիկը պառավ, և հետո միտքը մեղրաճանճի պես թռնում էր ուրիշ ծաղկի վրա, շնչում նոր բույր։

Եվ այդպես էլ մնաց։

Տարիներ անցան, տարիների հետ ջահելությունն էլ անցավ, և աշնան խոտի պես չորացավ տուն դնելու, կնիկ առնելու միտքը թաքուն։

* * *

Բացվում էր գարունը, հալոցքն էր սկսվում, և առվակներով ձյունաջուրը կչկչալով հոսում էր։ Գարնանը արևը մեղմ տաքացնում էր գետինը, և ձմռան երկար գիշերներից բեզարած գյուղացիք արևկող էին անում, նստում պատի տակ, մի չոր գերանի վրա և զրուցում։

Բացվում էր գարունը, և գոմերում տավարը տաքից նեղվում էր, անհանգստության նշաններ էր ցույց տայիս, շուտ-շուտ դռան կողմը նայում և բառաչում լիաթոք։ Մոզիները գիժ և արջառները խամ ջրի տանելիս թռչկոտում էին ձյունի վրա, պոզահարում իրար։ Բուղաները չաղ, մսոտ ազդրերով, իրենց թաց ռունգերով գարնան տաք օդում դուրեկան հոտ էին որսում, բառաչում և ոտքերով ջլապինդ, կիսահալ գետինը փորում։