Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/552

Այս էջը հաստատված է

Ակուռեցի Սահակը ցնցվեց այդ պատասխանից։ Նա մոտեցավ իր հարևանին, որ սառույցների մեջ ամրացնում էր պրոֆեսոր Պարրոտի կապարե խաչը։ Նրանք իրար հետ խոսեցին, ապա աներկյուղ նայեցին արևից լուսավոր սառցադաշտին։ Նրանց աչքերից ընկավ խավարի վարագույրը և պարզ աչքերով էին նայում այդ երկու ռամիկ նախավկաները:

− Մենք չե՞նք բարձրացել լեռան գագաթը,− հանկարծ մռնչաց նա և լռեց։ Սարսափելի էր այդ ձայնի արձագանքը գիշերային լռության մեջ:− Դուք չեք հաղթի, խավարի որդիք...

Նա դեն դրեց տետրը և առավ փետուրե գրիչը։

Նա գրում էր զայրույթի սրբազան կրակով և աչքերի մեջ վառվում էր ատելությունը։ Երբեմն կծկվում էր դեմքը, երբեմն ժպտում էր արհամարհանքով և մաղձ էր կաթում դեմքից։ Այդպիսի րոպեները սովորեցնում են ցմահ ատել և այդպես է սկիզբ առնում ճամփաբաժանը։

«Որպես գրեմ, որ սիրելիդ իմ հասկանա ալեկոծումը հոգվույս։ Օ՜, խստապարանոց և սոնքացյալ ջլբուրակերքն առաքելաշավիղ աթոռո, որ զանազանեն միայն օգուտ որկորի և ի մեջ թանձրացյալ խավարամտության մնան իբրև անմաքուր խոզ ի տիղմն։ Անարգեցին, ձաղկեցին և դարձրին ինձ իբրև խսիր արտաքո դրանն, երբ ես էի և մնայի խոնարհ դպիր։ Անհաց, անշոր և անպաշար տարագրեցին ինձ, երբ ի կատարումն ցանկության իմ բարերարի, որ և իմ կամքն էր, ուղի ընկա առ ի սովորել դույզն ինչ գիտություն ի պետս հայ մանկանը։ Որպես բորենի մի կամ լավ է ասել շնագայլ Սահակ վարդապետին նարդիվանի մոտ հարձակվեցին ինձ վրա չիք վարդապետն Հովհաննես, Ղազար վարդապետն խոզ կոչեցյալ, Ենոք տիրացու Քյորօղլուն և այլք, որք առավել եպերելի են, քան որ գրեցի։ Չամաչեցին հոգևոր կոչումից և թուք տեղացին իմ երեսին, ստորացնելով ինձ, որպես անարժան զավակի, նզովյալ լուտերականի և այլ այսպիսի անարգանաց խոսքեր, որ չեմ մոռացել և չեմ մոռանա, որքան շունչ իմ կա և կմնա։ Եվ այժմ փոխարեն մխիթարության և սփոփանքի առ ի մեղմել մենակյաց գոյություն իմ ի մեջ օտարաց, որք, ճշմարիտ է, սիրեն ինձ առավել քան կոչեցյալքն եղբայր ի Քրիստոս,– այժմ լուր հասավ ինձ, որ սևասիրտ և սևագլուխ էջմիածնեցիք երդմամբ ուրանան վերելք մեր, որ է մեծագործություն և պարծանք միանգամայն ոչ միայն իմ, որ կամ և կը մնամ նվաստ որդի Հայաստանի, այլև համայն ազգին։ Այստեղ անվանի գիտնականք ոչ դադարեն փառաբանել սխրագործություն մեր, իսկ այդտեղ հայրենիքն իմ իբրև վեհերոտ և խարդախ ոմն ուրանա երդումն առաջին։ Օ՜հ, մեղանչիմ, մեղանչիմ