Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/554

Այս էջը հաստատված է

երկրներում կային այլ ուրիշ քաղաքներ, որոնք ավելի հնամյա հնություններ ունեին, քաղաքներն ավելի բազմամարդ էին և բնակիչները կարող էին ցույց տալ դաշտեր, որտեղ տեղի էին ունեցել այնպիսի ահեղ պատերազմներ, որոնց հետևանքով ոչնչացվել էին ամբողջ թագավորություններ,– բայց այնուամենայնիվ հռչակն, ինչպես անակնկալ փառք, բաժին էր ընկել այդ խուլ քաղաքին, որ ընկած էր Էմբախի երկու ափերի վրա:

Դորպատի այդ հռչակը ստեղծել էր արքայական համալսարանը՝ կառուցված Ալեքսանդր I-ի կայսրության օրոք։ Այլևս չկային սուրբ Դիոնիսիոսի տաճարի ավերակները, որ երկու դար կանգուն էին Դոմբերգի գագաթին և դեռևս հեռվից երևում էին նրա կիսավեր պարիսպները։ Տաճարի ավերակների վրա կառուցել էին համալսարանի մատենադարանը, իսկ ավելի ներքև, որտեղ եղել էր Գուստավ Ադոլֆի Academia Gustaviana-ն, բարձրանում էր Մայր ճեմարանի սյունազարդ շենքը, սպիտակ կրաքարերից, շրջապատված լորիների և կաղնիների անտառով, որտեղ գուցե դեռևս մնում էր մի նահապետ կաղնի, որի սաղարթն աղմկել էր դեռ այն ժամանակ, երբ Էմբախի ափերին չկար ո՛չ Իոհաննի տաճարը, ո՛չ գրանիտե դղյակը և քարե կամուրջի փոխարեն գետի ափերն իրար էին միանում կաղնու գերաններով։

Երբ փորում էին նոր շենքերի հիմքը, փորողների բրիչները և բահերը գետնի տակից հանում էին դեղնած ոսկորներ, հողով լցված գանգեր, որոնց աչքերի փոսից դուրս էին սողում անձրևային կարմիր ճիճուներ: Նրանք կծկվում էին արևի տակ, ապա ներս մտնում գանգի խոռոչը։ Փորողները գտնում էին տեգեր, նիզակների կտորներ և կավե կարասի։ Եվ որովհետև ավելորդ էր նոր գերեզմաններ փորել նրանց համար, որոնք ո՞վ գիտե ինչ մարդիկ էին և ինչ ազգի էին և մեռել էին որպիսի մահով,– որովհետև ոչ մահարձան ունեին նրանք և ոչ տապանագիր, ուստի բոլորի ոսկորները լցրին մի փոսի մեջ, ծածկեցին փոսը և հուշարձանի մարմարի վրա քանդակեցին հետևյալը.

«Այստեղ հանգչում են ոսկորները զանազան ժողովուրդների XIII դարից մինչև XVIII դարը։ Դորպատը նրանց հողին հանձնեց սուրբ Մարիամի մատուռի մոտ։ Նրանց գանգերի վրա Ալեքսանդրը կառուցեց մուսաների նոր օթևան։ Նրանց է հատկացվում այս վայրն ի հանգիստ և ի խաղաղություն։ Anno domini MDCCC VI»։

Դորպատն ուսանողների քաղաք էր («Burschenburg»): Վեց հազար բնակիչներից երեք հարյուրը ուսանողներ էին՝ «ձեղունահարկի բնակիչները», ինչպես նրանց մասին արտահայտվում էր պոլիցեյմեյստեր գնդապետ