Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/557

Այս էջը հաստատված է

վայեյ է միայն թափառական գնչուներին, և ոչ թե արքայական համալսարանի ուսանողներին: Նրանք քայլում են սեղմ շարքերով, առանց կոճկելու մունդիրը, ոմանք նույնիսկ առանց ժիլետի և փողկապի. մայթերից հրում են նրանց, որոնց չեն սիրում և պատահում է, որ ծեծի են ենթարկում մի հանդուգնի, մանավանդ ռուս աստիճանավորի, որ ինքնասիրությունից և պաշտոնի պատվազգացությունից դրդված չի կամեցել ենթարկվել հարբած ուսանողների քմահաճույքին։ Այսպիսով նրանք խանգարում են ոչ միայն կարգը մեր հսկողության հանձնված քաղաքում, այլև անպատվում են կայսերական համալսարանի բարձրագույն անունը։ Թեև նրանց արգելված է գիշերները վառած լապտերներով երևալ փողոցներում և կամ մի տնից մյուսը գնալ, բայց նրանք մինչև անգամ լապտերներից վառում են սիգարները, ինչպես և ծխամորճները և օրենքի դեմ անպատկառ խոսքեր ասելով շարունակում են անպատիժ զբոսնել։ Իսկ թե նրանք ինչեր են անում հասարակաց զվարճության վայրերում, դրա մի աննշան վկայությունը կարող է լինել հետևյալը, որին և մենք ականատես եղանք։

«Ազնվակաների «Աֆրոդիտա» ժողովարանում, որտեղ ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ, նաև ժանդարմական գնդապետ Դոնցովը,− երբ սկսվեց դիմակահանդես և վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը առանձնացավ հարևան սենյակը վիստ խաղալու, թողնելով, որ մյուսները զվարճանան,− ներս է մտնում անհայտ ոմն, փաթաթված սև դոմինոյի մեջ: Այն ժամանակ, երբ դահլիճում յուրաքանչյուր ոք շրջում էր իր դիմակով և յուր ընտրած տարազով, սև դոմինոյի մեջ փաթաթված անհայտ ոմն մոտենում է մի խումբ կանանց, որոնց մեջ լինում են ռատսհեր Ռոզենցվեյգի կինը՝ ջայլամի նման հագնված, լանդգերիհտի ավագ դատավորի երկու աղջիկները՝ կապուցին վանականների զգեստով, կուբատոր ֆոն Յանաուի կինը և դուստրը՝ առաջինն իբրև բևեռային արջ, իսկ երկրորդը սուլթանի հարճի զգեստով,− անհայտ ոմն հանկարծ դեն է շպրտում սև դոմինոն և հարգելի տիկիններին, նաև նրանց դեռատի աղջիկներին ցույց է տալիս Ադամի զգեստը։ Կանանց աղմուկի վրա մեեք դուրս թափվեցինք սենյակներից, բայց անհայտ ոմն արդեն չքացել էր, կուրատորի աղջկան, որ սուլթանի հարճի զգեստով էր, թողնելով ուշագնաց վիճակում, որպիսին,− ինչպես հավաստիացրեց նրա մայրը, նաև օգնության հասած զինվորական բժիշկ Վերետեննիկովը,– առաջացել էր սարսափից և ամոթխածության հարվածից։ Արդեն ուշ էր, որպեսզի կալանավորեին չարագործին, որի ով լինելը մինչև օրս չի պարզված և