Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/559

Այս էջը հաստատված է

հնդկացորենի դաշտում վախեցնեին ագռավներին և արևի տակ տաքացնեին իրենց կողերը։

«Ահա սրանք են երկու գլխավոր պատճառները, որ ես համարձակվում եմ ներկայացնելու Ձեզ ի բարեհաճ տնօրինություն»:

Մարկիզ Լուչինին ծածկաբար պատասխանել է. «Ձեր ռապորտը կարդացի հաճույքով։ Երևում է, որ Դորպատի ուսանողները հասարակ չարաճճիներ են և նրանց մեջ չկան քաղաքական ցնորամիտներ, որոնք զբաղվեին ժամանակակից քաղաքականությամբ և լրագիր կարդային, ինչպես գերմանական համալսարաններում։ Ինչ վերաբերում է նրանց հանցագործություններին, ապա դրանց մեծ մասն առաջանում է անփորձ և տաքարյուն երիտասարդությունից, որի հանդեպ միշտ պետք է ներողամիտ լինել»։

2

Ուսանողներն ապրում էին առանձին թաղերում։ Նրանք շատ հաճախ տներն զբաղեցնում էին ամբողջ կորպորացիաներով, այսպես, Ռիդաշե փողոցում ապրում էին լեհերը, Պետերբուրգերշտրասսեի վրա՝ գերմանացիները, Էմբախի գետեզրյա տնակներում՝ էստերը։ Ավարտողներին փոխարինում էին նորեկները, որոնց հանդիսավոր ծեսով էին ընդունում կորպորացիայի մեջ։ Նորեկը՝ մինչև ձմեռային սեմեստրի վերջը «ֆուքս» էր, այսինքն ավագ ընկերների փոքրավորը, նրան էին ուղարկում գարեջրի, նրա վրա էին կրկնում այն կատակները որոնց ժամանակին ենթարկվել էին նաև մեծերը։ Գարնանային սեմեստրներին «ֆուքսը» դառնում էր «բրենդեր» և արդեն կարող էր ավագների հետ սեղան նստել, նա արդեն երգում էր տրադիցիոն երգերը, ուներ սուսեր և եթե ժրաջան էր, գուցե նույնիսկ մենամարտել էր «մինչև առաջին արյունը»։ Այդպես մինչև «տարեդարձի կոմերշը», այն խնջույքը, որ լինում էր ապրիլի 21-ին։ «Տարեդարձի կոմերշից» հետո բրենդերն իսկական ուսանող էր։ Իսկ թե քանի տարի պիտի ուսաներ՝ հայտնի չէր ոչ իրեն, ոչ ռեկտորին և ոչ այլ ոքի...

Կային ուսանողներ, որոնք գալիս էին իբրև երիտասարդ և տուն էին վերադառնում երեխաներով, կնոջով, զոքանչով և այնքան սնդուկներով, որ հազիվ էին տեղավորել երեք դորմեզի վրա. կային, որոնք այլևս չէին վերադառնում, այլ մնում էին Դորպատում իբրև «մամռապատ գլուխներ» («bemooste Häupter), իբրև մշտնջենավոր ուսանող և նրանք ծերանում էին այն թաղերում, որտեղ հոսել էր նրանց ոսկյա երիտասարդությունը: