Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/56

Այս էջը հաստատված է

Անհանգիստ էր և Պետին։

Տաքը նրան էլ էր նեղում, ավելի շատ էր քորում մարմինը և շուտ-շուտ նայում Այու սարին։ Սարը նրա նշանն էր։ Գարնան արևը հալեցնում էր ձյունը Այու սարի, և կողերը քարոտ սևին էին տալիս։

Երբեմն գյուղի մոտակա հանդն էր գնում, ոտով ձյունը դես ու դեն հրում և տեսնամ, որ նոր ծլող բեղի պես կանաչ խոտը ցրվել է ձյունի տակ։

Կենդանական մի հաճույք էր ապրում Պետին գարնան սկզբին։ Ձյունաջրի առվակների պես նրա երակներում արյունն ավելի էր եռում և ծիծաղում էր, կոկորդային ձայներ հանում։ Այդպես ախորժով վրնջում է ձին, երբ ախոռը ոսկեհատ գարի են լցնում։

Պետին գարնան պատրաստություն էր տեսնում, տրեխներն էր կարկատում, պարկի քուղերն էր ամրացնում, ուսին գցելու հնամաշ կարպետն էր փռում արևի տակ։

− Պետին կարպետն արևին է տվել,−ասում էին գյուղացիք, և այդ նշան էր, որ մի քանի օր հետո տավարը հանդ է գնալու։

Հոգատար մոր պես Պետին գոմից գոմ էր գնում, դիտողություն անում կովատիրոջ, որ այս կովին շատ կեր տա կամ գոմը տաք պահի։ Եթե մեկը կովի ծնելու ժամանակն էր ուզում իմանալ, Պետուն էր հարցնում, թե կովը երբ է բուղով եկել։

Պետին գիտեր, թե այս հորթը որ բուղից է, կամ այս կովը դժվար է ծնում։ Կովը ծնելիս նա անպատճառ պիտի գլխավերևը կանգներ, օգներ կովատիրոջը։

Եվ երբ լորձունքոտ հորթը թաց կոպերը հազիվ էր կարողանում շարժել, Պետին էր մաժում քիթն ու պռունգը կամ կովին շոյում։

− Ջան, հեյվանը շատ տանջանք ա քաշել... Համա տես է, էս էն ալա բուղի հորթն ա հա՜։

Կովը ծնելուց տան տերը մի բան պիտի տար Պետուն, մի հին արխալուղ, մի աման կաթնով, կամ խոստանում էր կալին մի կոտ ցորեն։ Պատահում էր, որ կովը հանդին էր ծնում։ Նախիրը բերելիս Պետին հորթը ուսին էր դնում և նախիրն առաջ արած գյուղ մտնում։ Այսպիսի օրերին ժպիտն անպակաս էր նրա դեմքին։ Գիտեր, որ բարիք է շալակին տանում և ուրախություն կովատիրոջ համար։ Նախիրը հանդ տանելուց մի քանի օր առաջ նա իմաց էր տալիս, որ պատրաստվեն։ Եվ ինչքան շատ նորություններ էր պատմում առաջին օրերին, երբ գյուղ էր վերադառնում։ Ձյունը հալվել էր, և ձյունի տակ