Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/562

Այս էջը հաստատված է

անգամ էր պատմել Տուբոյի կուրանալը և արդեն մաքրել էր «տղայի» կոշիկներն այնպիսի յուղով, որի գաղտնիքը միայն նրան էր հայտնի և որի փայլը կմնար մինչև մյուս աշուն,− ծերունին արդեն մորթել էր սագերը և նրանց բմբուլով փափկացրել էր երիտասարդ պարոնի ներքնակը, անհայտ է, թե որտեղ լվացել էր նրա բոլոր շապիկները և կարել կոճակները (նույնիսկ «տղան» էր հետաքրքրվում, թե արդյոք հենց ինքը՝ ծերունին չի՞ լվացել և չի՞ կարել կոճակները գոմում, երբ քնած էր լինում հարբած կառապանը, ձիերը խժռում էին գարին, իսկ ինքը...), կոճակները, որոնցից մի քանիսը, ինչպես նկատում էր ծերունին, պոկվել էին վաղաժամ և անբնական եղանակով, իրենց հետ տանելով նաև զգեստի կտորից մի քանի թել։

Այդ բոլորն արդեն կատարվել էր և ահա աշնան մի անձրևոտ օր ձիերը գլուխը դարձնում էին դեպի հայրենի գոմը, կայտառությամբ քաշելով թեթևացած դորմեզը, որի մեջ դատարկ վանդակներ էին, պարկեր, սնդուկներ և կողովներ, նաև «տղայի» մաշված շորերի կապոցը, որ ծերունի սպասավորը, իբրև թանկ նվեր, տանում էր պառավ իշխանուհուն։ Դղրդում էր դորմեզը, իսկ ծերունին ննջում էր, փաթաթվելով խարխլված քուրքի մեջ և աշնան տխուր անձրևի հետ միտք էր անում, թե այլևս քանի վերադարձ մնաց, և ինչ պիտի ասի իր տիրուհուն հարսնացուի մասին, որ պիտի գար ու չէր գալիս։

Նաև կային ուսանողներ, որոնց համար հայրենիքը միայն տոհմական դղյակը չէր և ոչ էլ ազատությունը՝ սանձարձակություն վատնելու այն բարիքները, որ անաշխատ կուտակում էին նրանք ծնողները և նույնքան հեշտ վատնում էին որդիները։ Այդ ուսանողներից ոմանք ամենևին չունեին հայրենի կալված, նրանք աստիճանավորների զավակներ էին, որոնց ծնողները կամ դժվարությամբ բարձրացել էին չինովնիկության սանդուղքով և կամ կորցնելով երբեմնի կալվածքը, ապրում էին, վաճառելով վաղեմի հարստության փշրանքները, մի թուր, Դամասկոսի հազվագյուտ գործ, որ իբրև թե նրանց էր մնացել նշանավոր նախահորից, որը կռվել էր սարակինոսների դեմ, մի յուղաներկ նկար, որի վրայից նայում էր ադամանդե խույրով մի չքնաղ կին, կրակե գույնի գանգուրներով մի զարմանալի գեղեցկուհի, որի կիսաբաց կուրծքը դեռ այժմ էլ պղտորում է նայողի արյունը և չի կարելի առանց նախանձի դիտել այն քորոցը, որի վրայի ոսկե արծիվը մագիլներով պահում է զգեստի եզրը և կնոջ ամոթխածությունը։ Ժառանգները չնչին գնով վաճառում էին Դամասկոսի թուրը, նաև նկարը այն գեղեցիկ դշխուհու, որի արյունից քանի կաթիլ դեռ կար հետնորդների երակներում։ Նրանք վաճառում էին