Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/563

Այս էջը հաստատված է

հին մահճակալները, որոնց սնարի վրա նկարել էին երջանիկ Արկադիա, և Պանը սրինգ էր նվագում մի զույգի համար, որ ծաղկած նշենու տակ վայելում էր սիրո գարունը: Երևում էին փոքրիկ փոսեր, որոնք վկայում էին, որ այդ ընտանեկան երջանկության նկարը երբեմն եղել է սադափներով եզերված, բայց մի անարժան ձեռք սադափը հանել է և վաճառել ավելի կանուխ, քան կվաճառեին վերջին ժառանգները։

Սակայն ամենից խեղճ ապրում էին թոշակառու ուսանողները։ Առաջինները գիտեին, որ այնուամենայնիվ պիտի ժառանգեն հայրական կալվածքը և այդ հույսով զբաղեցնում էին ոչ թե ձեղունահարկ, այլ ապրում էին հարուստ բնակարանում և նույնիսկ նրանցից ոմանք սպասավորներ ունեին։ Երկրորդների համար հին հարստության մնացորդներն այնուհանդերձ ավելի լավ էին, քան ոչինչ չունենալը։ Միայն թոշակառուներն էին, որ ծվարում էին ցուրտ ձեղունահարկում և իրենց գահի բարձրությունից արհամարհանքով էին նայում և՛ աշխարհին, և՛ նրա գանձերին։ Բայց նրանք մյուսներից ավելի մոլեգին էին զվարճանում, որովհետև ըստ այն ժամանակի սովորության, երբ սեղան էին նստում բոլորը, բոլորն էլ դատարկում էին գրպանները, ով հանում էր թղթի ասիգնացիաների կույտը, ով կաշվի դրամ՝ «Կլուբեն-մարկտ», ով պղինձ գրոշներ և ով դրամների այդ կույտի վրա միայն դարձնում էր իր ունայն գրպանը։

Այդ ուսանողները կատաղի սուսերամարտիկներ էին։ Պոլիցեյմեյստեր Կրուչինսկու հաղորդած «բոլոր տեսակի հրազենների արսենալը» գտնվում էր կղմինդրյա այն կտուրների տակ, որի բնակիչը,− երբ տխուր անձրևը թմբկահարում էր կտուրը,− կարոտով էր նայում թրադաշույնին, ապա առնում էր հին գերմանական երկար սուսերը և ձանձրույթից մենամարտում էր սյունի հետ։ Նրանք ջերմ պաշտպաններն էին տրադիցիաների և երբ հանկարծ լսեին ընկերոջ օգնության աղաղակը, թռչում էին կատաղած վագրերի նման և վայ թշնամուն, եթե նա վաղօրոք չէր ազատի իրեն, ապավինելով արագավազ ոտքերին։ Նրանք ունեին մի չոր գլուխ, որ ամեն րոպե կարող էին փորձանքի տալ։ Գուցե թե մի հեռավոր նահանգի խուլ գյուղում նրանք մայր ունեին կամ հայր և կամ ազգական, բայց ոչ նրանք գիտեին որդու մասին և ոչ որդին էր հիշոմ հեռավոր գյուղը։ Նրանք ժառանգներն էին այն ըմբոստների, որոնք Վարաբուրգում խարույկի բոցերի մեջ վառեցին խավարամիտ գրքերը և սուսերները մերկացրին, երդվելով պայքարել հանուն պատվի, ազատության և հայրենիքի։ Նրանց ականջների տակ դեռ հնչում էր որոտն այն գնդակի,