Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/564

Այս էջը հաստատված է

որով Մանհեյմում ուսանող Զանդը սպանեց Ավգուստ Կոցեբուին: Ու թեև նրանց օձիքների վրա ոսկեթելով գործված էր «Humanitas» բառը, բայց նրանք ավելի նման էին ծովահենների և հազիվ թե առանց պատժի նրանց ձեռքից ազատվեր մեկը, որ կհանդգներ անարգել նրանց հայրենիքը, Մայր ճեմարանը և ուսանողների կորպորացիան:

Ընկերները նրանց անվանում էին «սև եղբայրներ», որովհետև նրանք հագնում էին սև «կրագեն»− երկար թիկնոցներ, որ իջնում էր մինչև կրունկը։ Նրանց կարելի էր տեսնել տարօրինակ զգեստներով և գույնզզույն գլխարկներով, որոնց ծոպերը կախվում էին ականջի վրա, մազերը մինչև ուսերը,− նրանք անցնում էին փողոցներով, հավաքվում էին հաուպտվախտի առաջ և ծխելով հաստ ծխամորճը, բարձրաձայն հռհռում էին, երբ նրանց կողքով անցնում էր մի հաստլիկ ռուս կին։ Նրանք խառնվում էին հրապարակների բազմությանը, երբեմն տեղն ու տեղը դատաստան էին անում մի հրեա նպարավաճառի, որը կամ կշեռքի մեջ խաբել էր, կամ ապրանքը մի գրոշի թանկ էր ծախել։ Հենց որ փողոցի անկյունում նրանք երևային, նպարավաճառները իսկույն դադարեցնում էին աղմուկը, որպեսզի որևէ կերպ չգրավեն նրանց ուշադրությունը: Վերջապես նրանց խմբերը վերադառնում էին իրենց թաղերը՝ երգով և ծնծղաների նվագով և եթե խումբը նույնիսկ տասը հոգի էր, այնուամենայնիվ նրանք փողոցը լցնում էին այնպիսի աղմուկով, որ կարծես անապատից շարժվել և ահավոր զորությամբ անցնում է վաչկատուն թափառականների մի ամբողջ բազմություն, և փողոցում լսվում են զենքերի շաչյուն, ձիերի դոփյուն, նախիրի բառաչ և ինչ-որ անծանոթ ռնգային հնչյուններ։

Փողոցի բնակիչները հետաքրքրությունից բարձրացնում էին պատուհանի վարագույրը կամ դուրս էին գալիս պատշգամբ և գաղտագողի նայում էին տարօրինակ արտաքինով այդ երիտասարդներին, որոնց կրունկների պղնձե խթանները այնքան ախորժալուր էին զրնգում և զրնգոցն արձագանքում էր կանանց սրտերում: Պատուհաններից և պատշգամբից դիտողների մեջ կային, որոնք դժգոհում էին այդ աղմուկից, կային, որոնք միայն դիտում էին, բայց և կային, որոնք հիանում էին։ Եվ երբ նրանք վաղուց արդեն անցել էին, պատահում էր, որ մի մանուկ աղջիկ դեռ չէր իջեցնում վարագույրը, երկար ժամանակ դեմքը չէր հեռացնում պատուհանից և տխուր աչքերով նայում էր փողոցին, որտեղով անցավ այդ զարմանայի թափորը...