Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/567

Այս էջը հաստատված է

համար։ Եվ գիշերային խավարի մեջ դեպի վեր լողում էին նավակները, որոնց մեջ, ինչպես մեռած կոճղ, ընկած էին հարբած ուսանողները։ Չէր լսվում ոչ մի աղմուկ, միայն ճղփում էին նավակները, ցռուկների վրա օրորվում էին լապտերները և թվում էր, թե Աքերոնի գետով այդ նավակները լողում են դեպի մահվան թագավորությունը։

Իսկ այդ պանդոկից որքան հիշողություններ էր տանում «ակադեմիական քաղաքացին», երբ ընդմիշտ հեռանում էր Դորպատից։ Ինչպե՞ս նկարագրել հրաժեշտի ժամը, երբ ընկերները հավաքվել են վերջին խնջույքին, երբ այնքան են երգել, որ այլևս ձայն չի մնացել, որպեսզի երգեն վերջին երգը՝ «Երբեմն ես ունեի մի աննման հայրենիք», այն երգը, որ տարիներ հետո, ցուրտ մենակության մեջ պիտի երգեր Դորպատի նախկին սանը և նրա աչքերի առաջ, իբրև ծուխ, պիտի հառներ հրաժեշտի խնջույքը... Բայց ահա ոգու վերջին արիությամբ երգում են նան այդ երգը և ճանապարհվողը մոտենում է ֆրաու Ֆոգելզանգին... Ինչպես է լաց լինում այդ կինը, ինչպես են ցնցվում նրա ծանր ուսերը, ինչ խոշոր արցունքներ են գլորվում նրա թորշոմած այտերով, ինչպես է գրկում իր սանիկին, սեղմում է կրծքին և դողում են նրա մսոտ շրթունքները, ոչինչ չի կարողանում ասել և միայն լալիս է, ինչպես մայրը, որի գրկից բարբարոսները խլում են նրա զավակին, և մորը մնում է միայն արցունքի միջից նայել հեռացող որդուն։

4

Այդպես էր այդ պանդոկը և նրա նշանավոր տիրուհին, որի ներքնահարկը Մայր ճեմարանի անհրաժեշտ մասն էր, մի ասպարեզ, որտեղ երիտասարդը ձեռք էր բերում գիտելիքներ, որ կյանքում նրան հաճախ էին պետք լինում, քան տեսական բանասիրությունը, ճարտասանությունը, աստվածաբանական բարոյախոսությունը, ուսումն սուրբ գրոցը և եկեղեցական պատմությունը և նույնիսկ էսթետիկան, որի դասախոսն անվանի ձիավար էր և ուսանողներին դասավանդում էր սուսերամարտի ու ձիարշավի կանոններ, նաև լողալու արվեստ։ Եվ զարմանալի չէր, երբ «ձեղունահարկի բնակիչը», մանավանդ կիրակի օրերը, առնելով «հերր» պրոֆեսորի թելադրած դասախոսության տետրը և կամ այն գիրքը, որից ընթերցում էր պրոֆեսորը,– գնում էր բարի Ֆոգելզանգի պանդոկը, նախ ողջունում էր տիրուհուն, որը դեռ նոր էր լվացվում, կատակում էր սպասավորուհու հետ, նավավարներից լսում էր զանազան նորություններ և պահանջելով մի