Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/571

Այս էջը հաստատված է

− Հիմա կասեմ բոլորը,− Թոմասը ոտքը դրեց նստարանի վրա, ամբողջ մարմնով հենվեց ծնկան և ասաց,− ինչի նման է, երբ մենք այստեղ զվարճանում ենք, իսկ այնտեղ մեր ընկերներին, մեզ նման ուսանողներին ծեծում են, ինչպես օրդոնանհաուզում ծեծում են անպաշտպան սոլդատներին...

− Որտե՞ղ, ո՞վ,− և բոլորը վեր թռան, ոմանք ձեռքերը տարան դեպի սուսերները, իսկ Օտտոկար Դրիշը, որ չէր համբերել և դատարկել էր գավաթը, բղավեց.

− Ասա ու՞մն են ծեծել...

− Կասեմ ում են ծեծել... Ծեծել են Խարկովի համալսարանի ուսանողներին։ Նրանց չեն ծեծել իրենց ընկերները և ոչ էլ ծեծվել են հարբած վիճակում որևէ չարաճճի արարքի համար։ Նրանք ըմբոստացել են ռեկտորի դեմ, որովհետև նրանց հետ վարվում էին ինչպես ճորտերի հետ։ Թքում էին նրանց երեսին և օրը ցերեկով ուսանողին պատժում էին, մերկացնելով մարմնի այն մասերը, որ ամոթ է ասել։ Մերկացնում էին և ստիպում, որ ընկերները ճիպոտներով ծեծեն։

Ահա թե ինչպես են ապրում մեր եղբայրներն այնտեղ։ Այդ կարգերից դժգոհ, նրանք ըմբոստացել են և փշրել ռեկտորի տան ապակիները...

− Այդ բանում նրանք մեզ նման են,− լսվեց մի ոգևորված ձայն։

− Նրանք ջարդել և փողոց են թափել ամբիոններն այն պրոֆեսորների, որոնք ոչ թե դասախոս են եղել, այլ հարբած կոզակ։ Նրանք դուրս են եկել փողոց և խարույկի վրա հրդեհել ատելի գրքերը։ Բայց այդ ժամանակ ռեկտորի հրամանով վրա են թափվել վայրենի կոզակները, կրակ են բացել և գերի բռնելով ուսանողներին, պատժել են սոսկալի պատիժներով։ Իսկ ամենից համարձակներին հագցրել են սոլդատի շինել և կնուտի տակ քշել են այնպիսի հեռավոր տեղեր, որտեղից ոչ ոք չի վերադարձել և չի վերադառնա... Ահա թե ինչի մասին է խոսքը։ Իսկ մենք այստեղ միայն զվարճանում ենք և չենք հիշում մեր ընկերներին և ոչինչ չենք անում, կարծես մենք ստեղծված ենք միայն զվարճության և աստվածաբանության համար։

− Իսկ ի՞նչ անենք մենք։

− Մենք այդ մասին չէինք լսել։

Եվ այդ երկու ձայնից բացի, չլսվեց ուրիշ ձայն, տիրեց այնպիսի լռություն, որ լսելի էր ջրի կաթկթոցը մի ինչ-որ պղնձի մեջ։ Բայց շուտով այդ էլ չլսվեց, որովհետև ֆրաու Ֆոգելզանգը, որ սովորություն ուներ խրախճանքի աղմուկի մեջ ննջելու, զարթնեց ահավոր լռությունից ինչպես