Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/574

Այս էջը հաստատված է

վրա վազեցին։ Այդ տեսարանը նման էր հողմի պտույտին, երբ երկնասլաց սյունի մեջ իրար են խառնվել տերևներ, շյուղեր, փետուրներ և ամեն ինչ պտտվում է մի ահավոր արագությամբ, ոչինչ չի երևում թանձր փոշու մեջ և միայն հեռվից, մի հոգնած ուղևոր նայում է այդ սևակնած պտույտին և արագացնում է քայլերը, որպեսզի փրկվի վերահաս փոթորկից։ Արդեն շատերն են գլորվել գետին, արդեն երևում են արյունոտ երեսները, ծվեն-ծվեն քրքրել են Օտտոկարի սյուրտուկը, փշրել են նրա սուսերը և ահա մի վիթխարի մարդ մեջքից գրկել է Օտտոկարին և գետնից կտրելով, նրան տանում է դեպի կամուրջի եզրը։ Վայրենի հռհռում են մյուսները, իսկ մեկը ծվծվում է. «ջուրը, ջուրը գցիր շան ձագին», բայց Օտտոկարն արնամխած աչքերով տեսավ կամուրջի երկաթյա վանդակները, ոտքերով հենվեց երկաթին և թիկունքով այնպես հրեց մարդուն, որ տրաք-տրաքեցին նրա ձեռքերի մկանները և մարդն անզոր ընկավ։ Օտտոկարը դուրս պրծավ նրա գրկից և նորից բորբոքվեց բռնցքակռիվը։

Մի այլ տեղ ուսանողները շրջապատել են մսավաճառ Կոլեսնիկովին։ Գեր մսավաճառը գործի է դրել կարճ բազուկները, ոտքերը, մինչև անգամ հաստ գլուխը, որով նա պոզահարում է այնքան գազազած, որ եթե հակառակորդը չթեքվի, այդ հարվածը պիտի փշրի նրա կրծոսկրը։ «Կատաղեցրե՛ք, ավելի կատաղեցրեք», բղավեց Թոմասը և բազմությունը ճեղքելսվ, մոտեցավ մսավաճառին։ Ապա ընտրելով հարմար վայրկյան, հետևից այնպես զարկեց նրա ոտքերին, որ մսավաճառի ծնկները ծալվեցին և նա փլվեց, ինչպես խարխուլ պատը, որի տակից քաշել են հիմնաքարը։

«Ոստիկանները, տղերք»,− կանչեց մի ուսանող, որ բարձրացել էր գերանների վրա։ Իրար հետևից լսվեցին սուլոցներ։ Կամուրջի գլխին երևացին ձիավոր ոստիկանները։ Նրանք գալիս էին մյուս ափից և, որպեսզի հասնեին հրապարակը, պիտի ճեղքեին վաճառականների և արհեստավորների պատնեշը։ «Մերոնց ծեծում են», լալահառաչ ասաց երկար մորուքով մի մարդ, բռնելով առաջին ձիու սանձը։ Նա կռվին չէր մասնակցել, այլ միայն արձակել էր այնպիսի ձայներ, որոնցով որսորդը «քիս» է տալիս շներին։ «Հեռու քաշվիր, քավթառ», և ձիավոր ոստիկանը բարձրացրեց մտրակը։ Երկար մորուսով մարդը վազեց դեպի վախմիստրը, բայց այդ վայրկյանին դեպի ձիավոր ոստիկանները թռան աղյուսի կտորներ։