Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/575

Այս էջը հաստատված է

− Pereat[1],− որոտաց մի ձայն գերանների հետևից։

Մի ձի ծառս եղավ և նրա ոտքին դիպավ այն աղյուսը, որ նետողը նշան էր բռնել ձիավորի կրծքին։ Ձին հանկարծ ընկավ, ձիավորին թամքից գլորելով։ «Թրերը պատրա՛ստ»,− գոռաց վախմիստրը և ձին խթանեց։ Բայց այդ ժամանակ ուսանողներն առաջ հրեցին հակառակորդներին, որոնք մնացին ձիավորների և ուսանողների արանքում։ Ոմանք անցան ցանկապատի մյուս կողմը և կախվեցին վանդակներից։ Գերանների հետևից սաստկացավ աղյուսների տարափը։ Ձիերը ետ քաշվեցին։ Ուսանողները նոր թափով սեղմեցին հակառակորդին և բազմությունն ալիք-ալիք ետ նահանջեց կամուրջով, իրեն հետ տանելով ձիավորներին։ Վախմիստրը շրջեց ձիու գլուխը և անհայտացավ։

«Ցրվեք տները»,− գերանների հետևից կանչեց Թոմաս Բրյուլլը և ետ դարձրեց նրանց, որոնք հակառակորդին քշել էին մինչև կամուրջի ծայրը։ Կամուրջը դատարկվեց։ Գերանների հետևից դուրս եկավ «սև եղբայրների» խումբը։ Այդ վայրկյանին լսվեց թմբուկների աղմուկ... «Ցրվեք տները»,– բղավեց Բրյուլլը, «մուշկետյորները գալիս են»։ Երևաց պատրուգավոր հրազեններով զինվորների ջոկատը, որի առաջից գնում էր մի երիտասարդ սպա։ Նրա դեմքին շողում էր ինքնագոհ ժպիտ։ Նա նայում էր պատշգամբներին և պատուհանների կողմը, որտեղից նրան էին նայում աղջիկներ և կանայք, որոնց այդ երիտասարդ սպան կարծես ասում էր․ «Տեսեք, ինչ չքնաղ են իմ ուսադիրները, իմ սաղավարտը և իմ ձին և ես»։ Իսկ վերևից պատասխանում էին. «Ի՜նչ երիտասարդն է այն սպան... Հազիվ քսան տարեկան լինի, բայց արդեն փոխ-գնդապետն է Ռևելյան մուշկետյորների գնդի...»։

Իսկ մսավաճառ Կոլեսնիկովը ոչինչ չասաց։ Նա սթափվեց թմբուկների որոտից և մի կերպ ոտքի կանգնելով, քայլեց դեպի գերանների կույտը, որտեղից դուրս թռավ Թոմաս Բրյուլլը։ «Բռնե՛ք նրան, բռնեք»,– աղաղակեց ռուսը։ Մուշկետյորները շարքի մեջ ժպտացին. նրանցից մեկն ընկերոջն ասաց. «Քաջերը նրան լավ են փետրահանել...»։ Իրավ որ Կոլեսնիկովը նման էր սագի, որին ժլատ տանտիկինն այլանդակել էր, չափից ավելի պոկելով բմբուլը։ Նրա կոֆտան քրքրված էր և երբ նա օրորվելով անցավ կամուրջը, գետի քամին աստառի բուրդը տարավ հեռու՜-հեռու՜...

Հրապարակն ամայացավ։ Կամուրջի վրա երևում էին հատ ու կենտ անցորդներ, որոնք տուն էին շտապում։ Արդեն երեկո էր։ Հեռվից լսվում

  1. Անկցի։