Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/576

Այս էջը հաստատված է

էր թմբուկների խուլ աղմուկ։ Երիտասարդ սպան, հիացած իր գեղեցկությամբ և իրենով, դեռ շարունակում էր հեռավոր փողոցների բնակիչներին ցույց տալ իրեն և ուսադիրները և սաղավարտը, որ փայլում էր իրիկնային մթնշաղում։

6

− Դուք նորից ձեր հայրենակցի մո՞տ էիք,− հարցրեց տիկին Էլոիզ Աուսլենդերը մի երիտասարդի, որը ներս մտնելով, արձանացավ դռան մոտ, որովհետև նրան անսպասելի էր և՛ այդ հանդիպումը, և՛ տիկնոջ անհամբեր հարցը։

Բայց տիկինն ավելի արագ զգաց իր անզգուշությունը՝ որով մատնեց իր անհանգստությունը երիտասարդի բացակայման առթիվ, քան կպատասխաներ երիտասարդը։ Եվ կարծես այդ անզգուշության հետքերը ծածկելու համար, նա դարձավ իր խոսակցին՝ պրոֆեսոր Պարրոտի կնոջը, որն այդ րոպեին մոմի վրա կռացած թելում էր ասեղը։

− Ես այդպես էլ գիտեի, որ նրան ոչինչ չի պատահել... Բայց տեսնեիք Գերմանին... Աստված իմ, ինչքան էր նա հուզվել, քանի անգամ հարցրեց...

Եվ կանացի հոտառությամբ տիկին Էլոիզն զգաց, որ իզուր էր իր կասկածը և, որ իր բարեկամուհին չէր նկատել նրա անհանգստությունը և ակնապիշ դեռ նայում էր ասեղի ականջին։

− Դե հիմա պատմեք,− և տիկին Էլոիզն անսեթևեթ նազանքով բարձրացրեց ձեռքը, խշշաց զգեստը և լայն թևքի միջից ձգվեց նրա մերկ բազուկը, ինչպես քամին օրորում է եղեգնուտը, և հանկարծ մերկանում է մի դալար եղեգ, որ չգիտի որ կողմը թեքվի և միայն խոնարհում է տերևները՝ ծածկելու իր բաց-կարմիր մարմինը։ Նա սկսեց հարդարել կրակի գույնի խոպոպները, որ կախվել էին ճակատի կամարի վրա։

− Բայց ի սեր աստուծո, ասացեք ի՞նչ է պատահել... Ես ոչինչ չգիտեմ,− և երիտասարդն իր խելոք աչքերը, որ ավելի էին խոշորացել և՛ ուրախությունից՝ տիկին Աուսլենդերին տեսնելու համար, և՛ անհանգիստ կասկածից, որ հետևանք էր տիկնոջ հանկարծակի հարցին,− երիտասարդն աչքերը հառեց նախ՝ տիկին Պարրոտին, ողջունեց նրան, և ապա սեղմեց տիկին Էլոիզի ողորկ ձեռքը։

− Ինչ-որ բան է պատահել... Նախասենյակում օտարոտի վերնազգեստ է կախված, դրսում ինչ-որ կառք է սպասում... Չեմ հասկանում։