Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/577

Այս էջը հաստատված է

Տիկին Պարրոտը ժպտաց: Նրան ևս հաճելի էր երիտասարդի հետզհետե աճող հետաքրքրությունը, նաև այն, որ նա միամիտ երեխայի նման իր աչքերն ուղղում էր մերթ տիկին Էլոիզին և մերթ իրեն, կարծես նրանց դեմքերի վրա գուշակում էր պատասխանն իր կասկածի։ Իսկ տիկին Աուսլենդերն առանց թաքցնելու իր հիացմունքը, նայում էր երիտասարդի մաքուր սափրած երեսին, որ վարդագույն էր երեկոյի սառնից և նրա խելոք աչքերին, որոնց տիկին Էլոիզն առաջին հանդիպումից հետո անվանել էր «մութ ծովեր»։

− Ո՞վ կա ներսը,− և երիտասարդը գլխով նշան արեց դիմացի սենյակի կողմը, որտեղից լսվում էին ինչ-որ խառն ձայներ։

− Տղամարդուն չի վայելում այդպիսի հարցասիրություն,− կեղծ լրջությամբ հանդիմանեց տիկին Աուսլենդերը և նրա վրա նայեց այնպես, ինչպես կնայի ամուսնացած կինն իրենից ավելի երիտասարդ տղամարդու, որի առնական միամտությունն ամեն ինչ ճաշակած կնոջը հիշեցնում է և այն, որ նրա համար անդարձ կորել է, և այն, որ դեռևս մնում է, ինչպես ծառի վերջին պտուղը՝ ցուրտ աշունքին։

− Ուրեմն դուք ոչինչ չե՞ք լսել այսօրվա դեպքերի մասին,− հարցրեց տիկին Պարրոտը։

− Ո՛չ, տիկին,− և նա ուզեց երդվել, բայց հիշեց, որ պրոֆեսորն արգելել է երդվելը իբրև «անվայել բան, որ հատուկ է միայն ռուս աստիճանավորներին և վաճառականներին», ինչպես ասել էր պրոֆեսորը։

− Ես ճաշից հետո գնացել էի իմ հիվանդ բարեկամի մոտ...

− Ինչպե՞ս է հիմա այդ խեղճ մարդը,− և տիկին Պարրոտը թեթև հառաչեց։

− Նա երևի երբեք այլևս չտեսնի իր հայրենիքը,− տխուր ասաց երիտասարդը։ Մի պահ լռեցին, կարծես երեքով միտք էին անում, թե ինչքան ծանր է երբեք չտեսնել հայրենիքը։

− Իսկ հետո ու՞ր գնացիք,− լռությունը խախտեց տիկին Աուսլենդերը։

− Այնտեղից ես գնացի Դոմբերգ, որովհետև այդ զրույցն ինձ ևս հիշեցրեց իմ հեռավոր հայրենիքը,− նրա ձայնը դողաց, դողդողաց նաև ներքին շրթունքը։ Տիկին Էլոիզը խղճահարվեց և նրա սիրտը շահելու համար ասաց.

− Իմ երիտասարդ բարեկամը թող չտխրի... Դուք մի օր պիտի տեսնեք ձեր հեռավոր հայրենիքը... Այ, մենք երբեք չենք տեսնի ձեր հայրենիքը։ Այդ անկասկած է... իսկ դու՞ք։ Երբ դուք վերադառնաք, ով գիտե, մենք այլևս կհանդիպե՞նք իրար, թե՞... Եվ այն ժամանակ դուք մեզ