Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/580

Այս էջը հաստատված է

Պատահում էր, ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում ուսանողներից մեկը, որ քաջ գիտեր Արևելքի հին պատմությունը, նաև աշխարհագրություն, պատմում էր այն հեռավոր երկրի մասին, որտեղ գտնվում էր բիբլիական լյառը՝ Արարատը։ Եվ ծայր էր առնում վեճը՝ կբարձրանա՞ «հերր» պրոֆեսորն այդ լեռան կատարը, թե՞ չի բարձրանա, արդյոք իրենց հայրենակցին կհաջողվի՞ Նոյան տապանի տեղը խրել այն խաչը, որ պատրաստել է իրենց քաղաքի դարբինը... Ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում նրանք նստում էին մինչև ուշ գիշեր և հանկարծ ոտքի էր կանգնում մի ծերուկ ձկնորս, որը զրույցի ընթացքում առել էր առաջին քունը, և բարձրացնում էր գավաթը, «Հաջողություն մաղթենք մեր հայրենակիցներին, որոնք այժմ ով գիտե ինչ փոթորիկների մեջ են, որովհետև ինչպես ծովում, այնպես էլ հավիտենական սառույցների վրա...»։ Եվ նույնիսկ հուզվում էր ֆրաու Ֆոգելզանգը, երբ լցնում էր մաղթության գավաթները, որովհետև նրա համար ևս սարսափելի էր փոթորիկը հավիտենական սառույցների վրա։

Պրոֆեսոր Պարրոտին նրանք դիմավորեցին, ինչպես հաղթանակից վերադարձող զորավարի։ Եվ շատ գարեջուր խմեցին այդ և հաջորդ օրերը, իրար հաղորդելով դժվար վերելքի այնպիսի մանրամասնություններ, ասես բոլորը, և մինչև անգամ ֆրաու Ֆոգելզանգը և նույնիսկ այն ձկնորս ծերուկը,— բոլորը բարձրացել էին Արարատի գագաթը և այժմ իրենց տանը, հարազատների շրջանում վերհիշում էին այդ վտանգավոր ուղևորությունը։

Դեռևս կենդանի էին զրույցները Արարատի վերելքի մասին և առանձին ակնածանքով էին գլուխ տալիս «հերր պրոֆեսորին», երբ հայտնվեց հայը՝ իսկական բնակիչը Արարատյան աշխարհի, որ երկրորդն էր բարձրացել և գերմանացու կապարե խաչի կողքին Արարատի գագաթին խրել էր իր ձեռագործ փայտե խաչը։

Ահա ինչը նրա համար Դորպատում ստեղծեց համբավ զարմանալի արագությամբ և հենց հաջորդ օրից նա դարձավ մեկը, որին շատ տներում գրկաբաց կընդունեին, որի անցնելուն սպասում էին փողոցի բնակիչները և որի մասին պատմում էին, թե մինչև Դորպատ գալը նա չգիտեր գարեջուրը և ինչպես փոքր տղա նա հրճվանքով դիտել էր գույնզգույն թղթերից սարքած այն օդապարիկները, որ ըստ այն ժամանակի սովորության տոն օրերին բաց էին թողնում օդի մեջ։

Բայց արդեն անցել էր այդ ժամանակը և փոշի էր նստել սև կապայի վրա։ Նա հագնում էր մահուդե վերարկու և բարձրավիզ սյուրտուկ, որից ավելի էր երկարում հասակը։ Նա կապում էր ծաղկանկար կրծկալ