Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/581

Այս էջը հաստատված է

և թավշյա փողկապ: Հյուսիսի սառն օդը փոխել էր նրա դեմքի ցորնագույնը, բայց աչքերը մնացել էին նույնը, հարավի մարդի խելոք և խորունկ աչքերը՝ «մութ ծովեր», ինչպես անվանել էր տիկին Էլոիզ Աուսլենդերը, որն այլևս չէր հագենում նրանց հմայող գեղեցկությամբ։

7

Տիկին Էլոիզը դեռ չէր ավարտել դեպքերի նկարագրությունը (ուսանողներին նա անվանում էր «խեղճ երիտասարդներ» և հաճախ պատմելն ընդհատում էր միջանկյալ դիտողություններով ռուսների մասին, օրինակ՝ երբ հիշատակեց Քարե կամուրջը, նա դառնալով տիկին Պարրոտին, ասաց. «Ես ձեզ չեմ պատմել, թե ինչպես իմ Գերմանը հենց երեկ Քարե կամուրջի վրա կռվել է ռուս կառապանի հետ... Ճշմարիտ որ կռվել է, միայն իհարկե, ոչ ինչպես խեղճ երիտասարդները... իսկ մեղավորը՝ ռուս կառապանն է։ Նրա ձին կամուրջի վրա ընկնում է և փոխանակ օգնելու խեղճ կենդանուն, հիմար ռուսն սկսում է ծեծել նրան և ինչպե՞ս՝ սապոգներով... Այդ ժամանակ իմ Գերմանը չի համբերում և սկսում է կառապանին հանդիմանել...),− տիկինը դեռ չէր ավարտել պատմելը, երբ դիմացի սենյակի դուռը բացվեց և դուրս եկավ մի ալեհեր մարդ՝ կապույտ մունդիրով և կարճ թրով, որի կոթից կախված էին կարմիր ժապավեն և ոսկեկար ծոպեր։ Նա արդեն ալեհեր էր և ծերությունից նրա մեջքը կռացել էր։ Նրա հետևից դուրս եկավ ռեկտորը՝ «հերր պրոֆեսոր» Ֆրիդրիխ Պարրոտը, նիհար և ցամաք երեսով մի կարճահասակ մարդ։

− Էվստարխ Իվանիչ, գուցե չմերժեիք մի փոքր հանգստանալու մեր համեստ սեղանի շուրջը՝ ի վարձատրություն մեր հոգնության,− ծերունուն դիմեց Պարրոտը:

− Որքան էլ հաճելի և քաղցր է ձեր հրավերը, բայց ես ստիպված եմ պատժել ինձ, զրկելով այդ հաճույքից,− և ծերունին փափուկ սապոգներն իրար զարկեց ինչպես հին ասպետ, և մեղմ զրնգացին նրա սապոգների խթանները։− Նաև ձեզ հայտնի է, Ֆրիդրիխ Գեորգևիչ, իմ պաշտոնի խստապահանջությունը, եթե ոչ մեծավ ուրախությամբ,− և նա ծիծաղեց չոր ու կեղծ ծիծաղով, որ փոխվեց հազի՝ անախորժ և նույնքան չոր։

− Միայն մի գավաթ իսկական ռեյնվեյն, Էվստարխ Իվանիչ։ Խնդրում եմ չմերժել,− և տիկին Պարրոտը մոտեցավ պահարանին:

− Մերժել հարգելի տիկնոջ հրավերը՝ այդ արդեն չեմ կարող։ Սակայն eine Minute, շատ եմ խնդրում,− և ծերունին թեթև հազաց, կոկորդը մաքրելով հռենոսյան գինու համար: