Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/583

Այս էջը հաստատված է

և որով առաջարկում էր հատուկ հսկողություն սահմանել ուսանողների վրա, ի նկատի ունենալով այն, որ մի քանի զորագնդեր պետք է ձմեռեին Դորպատում և ապա շուտով այդտեղից պիտի մայրաքաղաք վերադառնար Պավլովյան գունդը և երկու հետևակ գունդ, որոնք ետ էին գալիս Լեհաստանից և հնարավոր էր, որ երկար ժամանակով հանգստանային Դորպատում, որպեսզի վայելուչ տեսքով ներկայանան Նորին կայսերական մեծության։

Ռեկտորը զգուշավորությամբ առարկել էր, որ երկուստեք են եղել անվայել բացականչություններ և հարկավոր չէ կարևորություն տալ գրգռված վիճակում արտասանած խոսքերին։ Ինչ վերաբերում է ոստիկանների վրա աղյուս շպրտելու փաստին, ապա ինքը համոզված է, որ ուսանողները մի քանի աղյուս են նետել ոչ թե ոստիկանների, այլ իրենց հակառակորդների վրա և այն էլ ոչ թե որևէ մեկի մարմնին ծանր վնաս հասցնելու, այլ վախեցնելու դիտավորությամբ։ Ռեկտորը հայտնել էր նաև, որ նախահարձակ են եղել հարբած վաճառականները և ուսանողները միայն ստիպմամբ պաշտպանել են իրենց և ընկերների պատիվը: «Այդ միանգամայն ճշմարիտ է, հարգելի Ֆրիդրիխ Գեորգևիչ», համաձայնել էր պոլիցեյմեյստերը. «այսպես են վկայում նաև չեզոք քաղաքացիները»։ «Շատ ուրախ եմ, որ այդպես է, սիրելի Էվստարխ Իվանովիչ... Այն ժամանակ ներեցեք ինձ, եթե համարձակվեմ այսպիսի հարց տալու Ձեզ, ի՞նչ կասի պարոն գեներալ-նահանգապետը, եթե տեղեկանա, որ Ձեր հսկողության հանձնված քաղաքում ինչ-որ հարբած մարդիկ օրը ցերեկով հարձակվում են անմեղ ուսանողների վրա և... Կարո՞ղ է այդպես հարցնել։ Կարող է։ Եվ այն ժամանակ պարոն գեներալ-նահանգապետը կասի, իսկ որտե՞ղ էին ոստիկանները և հարգելի պոլիցեյմեյստերը, այդ ինչպիսի՞ բարքեր են այդ քաղաքում։ Հավատացնում եմ կասի և կավելացնի այնպիսի բաներ, որ կատարյալ անախորժություն կլինի Ձեզ համար, նաև համալսարանի համար, որն այսպիսով կարող է զրկվել Ձեր այնքան օգտակար բարեկամությունից»։

«Հերր պրոֆեսորը» միանգամից էր խառնել ծերունու բոլոր հաշիվները։ Ռեկտորի ասածն այնքան ճշմարտանման էր, որ Կրուչինսկուն մի վայրկյան թվաց, թե այդ բոլորն արդեն կատարվել է, թե գեներալ-նահանգապետից արդեն ստացվել է այդ գրությունը և օր ծերության պաշտոնանկ լինելով նա թողնում է Դորպատը։ Սառը քրտինք երևաց նրա ճակատին և թաշկինակը ճակատին սեղմելով՝ նա շշնջաց. «Դուք իրավացի եք, Ֆրիդրիխ Գեորգևիչ, միանգամայն իրավացի եք... Սատանան ինչի հետ ասես, որ չի խաղա... Եվ ինչ լավ է, որ չեմ գրել ռապորտը: