Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/584

Այս էջը հաստատված է

Հավատացնում եմ, որ մի քանի անգամ կանչեցի քարտուղարին, որպեսզի թելադրեմ։ Բայց ինչ-որ ձայն ինձ ասում էր, թե գնա Ֆրիդրիխ Գեորգևիչի մոտ, նրա հետ խոսիր և ապա նոր... Ինչպե՞ս ասեմ։ Նու, կարծեք թե ես ուզում էի նստել աթոռի վրա և կարծեք ամեն անգամ աթոռի միջից,− համարձակվում եմ ասել,− ցցվում էր մի սուր բան և չէր թողնում նստեմ... Շնորհակալ եմ, մեծապես շնորհակալ եմ... Ախր ես (և այդ խոսքի վրա նա ճակատին ձեռքով այնպես էր խփել, որ հարևան սենյակում լսել էին այդ ձայնը և տիկին Պարրոտը մոտեցել էր դռանը), ախր ես, կարող եմ ասել, հիմար եմ։ Եվ որտեղի՞ց ինձ խելք... Եվ առհասարակ ո՞վ է խելք տվել ռուսներին։ Մեր բանն է աջ-ձախ կրակել, ջարդել, թափել։ Աստված մեզ խելք չի տվել և այդպես էր ասում նաև իմ հանգուցյալ հայրը, թե աստված խելք է տվել միայն գերմանացիներին...»։ Այդպես նա երկար պիտի խոսեր, եթե նրան չընդհատեր պրոֆեսորը և չառաջարկեր, թե այնուամենայնիվ հարկավոր է «մի բան անել»։ Եվ համաձայնեցին, որ պոլիցեյմեյստերն այդ օրվա պատահարի մասին տեղեկացնում է միայն իբրև պարզ անկարգություն և պատմում է առևտրականներից հանցավորներին («Ես նրանց եղջյուրի նման կծռեմ»,– կանչել էր Կրուչինսկին),− իսկ համալսարանի տրիբունալը կպատժի հանցավոր ուսանողներին և այդպիսով կվերջանա պատմությունը։

− Դե արդեն ժամանակն է ճանաչելու պատիվը...− և ծերունի Կրուչինսկին դատարկեց չորրորդ գավաթը։ Նրա ցամաք երեսը գինուց առույգացավ և կայտառացան աչքերը, որոնց մեջ մինչև այդ կար մեռելային սառնություն։– Իսկ գինու մասին, կարող եմ ասել, որ արքայական գինի է։ Հռենոսյան վարդաջուր, տիկի՛ն, կատարյալ և առաքինի գինի։– Այնպես չի՞, տիկին,− դարձավ նա տիկին Էլոիզին, որը ոչ գինու համն էր ճաշակել և ոչ լսում էր պոլիցեյմեյստերին, այլ ասեղնագործում էր, մատներն արագ շարժելով, կարծես խաղում էր կլավիրի վրա։

− Այո, գինին անարատ է,− պատասխանեց Արմենիերը նկատելով, որ տիկին Էլոիզը հանկարծակիի եկավ և կարմրեց։

− Եվ այլևս ոչ մի կարծիք։ Այս կարծիքից հետո մենք լռում ենք, Ֆրիդրիխ Գեորգևիչ։ Մենք լռում ենք, երբ խոսում է Արարատի որդին և կարող եմ ասել Նոյի երկրից։ Շատ ուրախ եմ, որ այսօր ես բախտ ունեցա սեղմելու Ձեր ձեռքը, պարոն Օբովյանով, և կարող եմ ասել, որ երիտասարդը ուղիղ ճանապարհի վյրա է շնորհիվ Ձեզ, ամենահարգելի Ֆրիդրիխ Գեորգևիչ և նաև ես, որ իմ բարերարն եք,− ուրեմն թույլ տվեք խոնարհվել և auf Wiedersehen, տիկին, որին ես պատիվ ունեցա ծանոթանալու