Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/587

Այս էջը հաստատված է

Ամբողջ ճանապարհին նրանք խոսում էին այն մասին, թե քուրդը նորից չի՞ կապկպի այն մարդուն։ Նրանք որոշել էին վերադառնալ նույն ճանապարհով և ստուգել, բայց երբ վերադարձան, ոչ վրանները կային և ոչ ոչխարի հոտերը, այլ մնում էին միայն օջախի քարերը, մոխրակույտը և հողի մեջ խրված այն սեպը, որից կապկպել էին մարդուն:

− Իսկ ինչո՞ւ համար էին պատժել նրան։

− Նրանց գլխավորն ասաց, որ իբրև թե նա վրանից յուղ է գողացել։

− Ինչ խիստ են պատժում ձեր հայրենիքում,– ասաց տիկին Պարրոտը։

− Ասիան ավելի խիստ պատիժներ գիտե։ Այնտեղ գողության համար ձեռք են կտրում, բողոքելու համար լեզու են կտրում, իսկ սուտ լուրի համար կտրում են ականջը։ Այդպես է Ասիան...

− Բայց ես լսել եմ, որ այդպես պատժում են նաև ռուսներն իրենց ճորտերին,−առարկեց Արմենիերը։

− Իսկ ռուսների երկիրը ինչո՞վ Ասիա չի,− տխուր պատասխանեց Պարրոտը,− և մենք ինչքան պետք է աշխատենք, որպեսզի այդ երկիրը դառնա մեր հայրենիքի նման։ Լուսավորություն, ահա թե ինչն է պակասում ռուսներին։ Լուսավորություն և այն ժամանակ այդ ժողովուրդը հրաշքներ կգործի:

− Իսկ մինչ այդ նրանք պիտի ծեծե՞ն խեղճ երիտասարդներին,− կծու ասաց տիկին Էլոիզը։

− Պետք է ասեմ, որ մերոնք էլ պակաս հանցավոր չեն։

− Նրանք միայն պաշտպանվել են:

− Երանի այդպես լիներ... Ես միշտ ասել եմ, որ ֆրաու Ֆոգելզանգի պանդոկը բարի վախճանի չի հասցնի,− և պրոֆեսորը նայեց յուր սանին այնպես, կարծես այդ խոսքերով նրան խրատում են զգուշանալ այդ պանդոկից։− Գինին և ճշմարիտ գիտությունն իրար թշնամի են։

− Բայց նրանք երիտասարդ են և նրանց զվարճանալ է պետք:

− Այո, տիկին, սակայն ոչ այնպես, ինչպես այսօր զվարճացան: Այդ զվարճության համար երևի մի քանիսը պատժվեն և որքան էլ ես սիրում եմ նրանց, այնուամենայնիվ պետք է պատժել, որովհետև երիտասարդների համար ոչինչ այնքան կործանարար չէ, որքան վատ օրինակը:

− Ես գիտեմ, որ պարոն պրոֆեսորը ողորմած է:

− Եվ յուր պաշտոնի մեջ խիստ,− ժպտալով վրա բերեց պրոֆեսորը.– իսկ ի՞նչ կասի այդ մասին մեր սիրելի Արմենիերը։