Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/59

Այս էջը հաստատված է

Նրանցից մեկը, որ կես արշին բերան ուներ, մեկի գոմի դուռը բաց անելիս աչքին ընկավ չաղ աքլորը−աղբում քուջուջ անելիս։ Տեսավ աքլորին, կես արշինանոց բերանը ջրակալեց ե թրով աքլորի մի թևը պոկեց, արնակոլոլ աքլորը խուրջինի մեջ կոխեց։

Տան տերը կանչեց, աղաչեց, բայց նա սպառնաց, թե բժշկին կասի, որ ապրանքը փախցրել է ուրիշ գյուղ, սպառնաց և ահարկու բռունցքը մոտեցրեց գյուղացու քթին։

Մի գոմում գտան թաքցրած մի կով, դարմանով լի քթոցների հետև։ Աղքատ մի տան միակ կովն էր, թաքցրել էին գոմի մութում բժշկի վախից։

Ամբողջ գյուղը հավաքվել էր գյուղի վերև, տավարի մոտ։ Երբ պահակները վերադարձան գոմից հանած կովը առաջ արած, բժիշկը ակնոցի հետևից հերսոտ աչքերով նայեց գյուղացիներին և ինչ-որ բան ասաց, մատն էլ թափ տվավ։

− Չարանում ա, որ ապրանք են թաքցրել,− ասաց մեկը։

Հետո սկսեց քննությունը, որին սրտատրոփ սպասում էին գյուղացիք։ Նրանցից յուրաքանչյուրի սրտում ահ կար և կասկած, թե իր կովը կարող է հիվանդ դուրս գալ։ Էլ պրծնում չկար այն ժամանակ։

Բժիշկն սկսեց ծայրից։ Մոտենում էր ամեն մի տավարի, նայում լեզվին, աչքերին, պոչի տակին, ձեռքերով նշան էր անում պահակին, առողջը հիվանդից ջոկելու։

Պետին էլ էր այնտեղ։ Կանգնել էր հեռուն, նայում էր բժշկին, կովերին, գյուղացոց։ Ժխորի մեջ ոչ ոք ուշք չէր դարձնում նրա վրա, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ Պետու սիրտը թրթռում էր, հենց որ բժիշկը մոտենում էր մի կովի և ավելի երկար սկսում զննել։

Իրիկնադեմին քննությունը վերջացավ։ Տասներկու կով հիվանդ էին։ Վառելուց բացի փրկության ուրիշ միջոց չկար։

Եվ պահակները շտապեցնում էին գյուղացոց, որոնք փոսեր էին փորում հիվանդ տավարը վառելու։

Շատերը լալիս էին։ Հորթերը բակերում բառաչում էին, բառաչում էին և կովերը, ցավ կար և նրանց սրտում, որոնք բահ ու քլունգով արագ փորում էին խոր փոսեր։

Բժիշկն էր մենակ խաղաղ, սովորական բան էր նրա համար։

Երբ փոսերը պատրաստվեցին, հիվանդ կովերին քշեցին փոսերի մոտ։ Պահակներից նա, որ կես արշինանոց բերան ուներ, կացնի բութ ծայրով խփում էր կենդանու ճակատին, շշմում էր կենդանին անասելի ցավից, բառաչում և գլորվում փոսի մեջ։