Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/593

Այս էջը հաստատված է

մասին և ապա որոշել է ազատվելու հենց առաջին օրը մենամարտի կանչել ախոյանին։ Ոչինչ չի ասում ո՛չ այդ անունը և ո՛չ խոցված սիրտը․․․

Բայց պատերի վրա ավելի շատ էին ծաղրանկարները և այնպիսի նկարներ, որոնց մասին չի կարելի գրել։ Ահա մեկը, գրավել է պատի կեսը, նկարելով զանազան դեմքեր և արկածներ Դորպատի ուսանողների կյանքից. մի խումբ ուսանողներ կանգնել են մի տան դիմաց, իսկ նրանցից մեկը պարանե սանդուղքով բարձրացրել է երկրորդ հարկը և պատուհանից ներս է նայում։

Երևում է, որ գիշեր է, որովհետև ներսը, սեղանի վրա վառվում է մոմը։ Սենյակում քնած են ըստ երևույթին ամուսիններ... Հանդուգն ուսանողը բաց պատուհանից զմայլանքով է նայում անկողնում պառկած գեղեցկուհուն, որ քնի մեջ դեն է շպրտել մետաքսի ծածկոցը և մոմի լույսով ցոլանում են դեռահաս մարմնի բոլոր սքանչելիքները և մանավանդ նուրբ ոտքը, որով ծունկ է արել կինը, ինչպես նժույգը՝ որ բարձրացնում է ոտքը՝ կաքավաքայլ սուրալու։ Նրա կողքին քնած է մի ահագին մսագունդ, որ բարձի վրա երկարել է բրդոտ ձեռքը և նրա հաստ մատները հազիվ են հասնում կնոջ մերկ թիկունքին, որի վրա ինչպես ողկույզներ կախվել են գեղեցկուհու գանգուրները։ Մի ուրիշ նկարի վրա նույն սենյակն է, բայց արդեն ցերեկ է, ուսանողներից մի քանիսը սպասում են միջանցքում, իսկ այն երիտասարդը, որ պատուհանից էր նայում, ներս է մտել և խոնարհ գլուխ տալով տանտիրոջը, ինչ-որ բան է հարցնում։ Բրդոտ մսագունդը ձեռքերը խաչել է կրծքին և վախեցած նայում է, իսկ մարմաշե վարագույրի հետևից կիսով չափ դուրս է եկել այն երիտասարդ կինը և ամոթխած ծածկում է հոլանի պարանոցը և կուրծքը։ «Կարլ Բրայտը փնտրում է ազատ ձեղունահարկ»,– նկարի տակ ածուխով գրել է անհայտ կալանավորը։

Մի այլ տեղ նկարել են հրեա նպարավաճառին, որ երևի գնացել է ուսանողներից հավաքելու ստանալիքը... Նա սարսափած ետ է փախչում. փրփռում են կաֆտանի երկար փեշերը, նա արդեն ցեխի մեջ է թողել մի կալոշը, բայց վազում է, որովհետև նրա հետևից են ընկել գազազած ուսանողները՝ թրադաշույններով և երկար փայտերով, պատուհաններից դուրս են թափվել ուսանողները և խեղճ նպարավաճառի վրա շպրտում են դատարկ շշեր, ձվեր, կաղամարներ, իսկ մեկը պիստոլետը նշան է բռնել և ահա ուր որ է պիտի բռնկվի հրազենը։

Ահա սեղանի շուրջը բոլորել են չորս հոգի։ Նրանցից երկուսը կեղծ ծամով են, երրորդի գլխին փռյուգիական թասակ է, իսկ չորրորդը դրել է խեղկատակի գլխարկ երկու բոժոժներով։ Սանդուղքի գլխին երևում է