Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/596

Այս էջը հաստատված է

եմ և ինչ եմ տեսնում... Արմենիերը կռվի է բռնվել քեռի Մարտինի հետ։ Նա նրան ներս չի թողնում՝ պահանջելով ցույց տալ մատրիկուլի թերթը։ Այդ ժամանակ ես քեռի Մարտինին մի կողմ քաշեցի․ «Գիտե՞ս սա ով է, քեռի Մարտին... Սա Արմենիերն է, ռեկտորի սիրելին և Արարատ բարձրացողը․ բացի այդ, նա հոգևոր կոչումից է...»։

− Դու կարող ես առյուծին դիմակով վախեցնել, բայց քեռի Մարտինն առյուծ չէ, այլ մի հեզ գառ,– ծիծաղեց Թոմասը։− Իսկ ինչ նորություններ կասի իմ բարեկամը,− և նա Արմենիերին թևանցուկ մոտեցավ մահճակալին,− այլ պայմաններում ես բոլորիդ կմեծարեի, ինչպես վայել է, բայց այժմ երևակայեցեք, որ սա մի դղյակ է...

− Եվ մենք ավազակներ,− ասաց Տիդելենը, որ արդեն կապոցից հանել էր երշիկ, եփած միս, ձու և փնտրում էր դանակը,− ամբողջ օրը բան չեմ կերել և քաղցած եմ՝ ինչպես ժլատ մարդու շունը։

− Բայց մենք մեզ հետ մի ամբողջ կրպակ ենք բերել,− և Մորիցը կապոցի կողքին դրեց մի խորունկ կողով, որի մեջ խառնիխուռն դարսված էին բազմատեսակ ուտելիքներ, կարծես նրանք իրոք կողոպտել էին մի նպարավաճառի կրպակ։

− Իսկ ես բերել եմ տիկին Էլոիզ Աուսլենդերի նվերը և նրա ողջույնն անարդար պատժվածին,− և Արմենիերը բաց արեց իր կապոցը, մեջը՝ մեղրահաց, կարկանդակներ և շաքարով պատրաստված մրգեր։

− Երևում է, որ պրոֆեսորի տնից է այս հարուստ նախաճաշը։ Մեր ամբողջ թաղում չես գտնի այդպիսի ասեղնագործ սփռոց,− և Տիդելենը բաց արեց սփռոցը,– այս վկայում է նաև տիկին Աուսլենդերի ձիրքը...

− Նաև նրա վեհանձնությունը։ Ես երբեք չեմ մոռանա այս շնորհը,− և Թոմասը ձեռքերը կրծքին խաչելով, խոնարհեց գլուխը,− կհայտնեք տիկին Աուսլենդերին, որ երախտապարտ եմ ողջույնի և նվերի համար։

− Տիկինը նաև ջանք թափեց թեթևացնելու ձեր պատիժը... Նա մի բարի հրեշտակ է...

Արմենիերի մարմնով մի ջերմ գրգիռ անցավ, երբ այդ խուլ նկուղում, որ նման էր ճգնավորի խուցին, հնչեց տիկին Էլոիզի անունը։ Նրան հաճելի էր նաև, որ Թոմասը,− նրա համար մի մեծագործ հերոս,– տիկնոջ մասին խոսեց այդպես գորովալի։

− Իսկ քաղաքում ի՞նչ են ասում այսօրվա մասին...

− Վասիլ Սերգեյիչը՝ ռուս սարկավագը ցնծության մեջ է... Արշինավորները վճռից դժգոհ են. նրանք սպառնում են բողոք ուղարկել։ Իսկ մերոնք վրդովված են և եթե մենք չսաստեինք, նրանք բոլորը