Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/599

Այս էջը հաստատված է

մեջ: Նրա կողքին ձկների վտառն էր, որի մեջ երկու տափակաձուկ՝ բերանները բաց ահա պիտի կծեին խոճկորի յուղոտ ոտիկը: Իսկ կարմիր խավիարի հատիկները այնպես էին փայլում, ասես մարջան ուլունքներ էին։ Ապա երշիկները... Լիվորնոյի երշիկ, ծխահամ երշիկ և երշիկ, որ հորթի մսի համ ունի, նաև երշիկ, որը ոչ ծխահամ ունի և ոչ հորթի մսի համ, այլ հիշեցնում է ֆլամանդուհու մերկ բազուկը։ Եվ այդ ամենի մեջ իրարից պատշաճ հեռավորությամբ Տիդելենը շարել էր գինու շշերը, որոնցից մեկը նման էր կաթոլիկ աբբահոր, մյուսը՝ կապույտ պիտակով և ոսկե զմուռով հիշեցնում էր մուշկետյորների գնդի այն երիտասարդ սպային, որի ոսկե սաղավարտը ցոլում էր մթնշաղում:

Նրանք մի կերպ տեղավորվեցին, որովհետև հինգ հոգու համար կար միայն մի աթոռակ։ Արմենիերը նստեց պարսկական ձևի՝ ծալապատիկ, մեծ զվարճություն պատճառելով ընկերներին։ Մունջ Արքան կամեցավ նմանվել նրան, բայց տաբատի կարերը քանդվեցին և քիչ էր մնում նրա մարմնի ծանրությունից մահճակալը չոքեր։ Միակ աթառակը նրան տվին։

Առաջին գավաթները դատարկեցին հանուն եղբայրության։ Արմենիերը դժվարությամբ խմեց, գինին ծառի համ էր տալիս, ավելի ճիշտ՝ կուպրի համ։ Քներակներում արյունն արագ դոփեց։ Եվ հաճելի, և դառն մի բան ներսը ճմլվում էր, նա զգում էր մի տարտամ երկվություն, մի տարակուսանք։

− Իմ սիրերի եղբայր, բաժանիր մեր խորհրդավոր ընթրիքը,– ասաց Թոմասը:

− Նրան դուր չեկավ մեր գինին... Իհարկե Նոյի երկրից հետո...

− Ամենևին ոչ,− և Արմենիերը դժգոհեց, որ մատնեց իր տարակուսանքը,− ես դատարկել եմ իմ գավաթը։

− Մենք երկրորդն ենք դատարկել։ Իսկ Մունջ Արքան արդեն մի շիշ լցրել է իր ներսի գրպանը։

− Թողեք, որ մեր բարեկամն իրին ազատ զգա մեր ընկերության մեջ:

− Այս ամենն ինձ համար այնքան նոր է, որ ես... ես նույնիսկ չգիտեմ, թե այն ինչ է,− և մատով ցույց տվեց խավիարը։ Նա այդ ասաց միամիտ պարզությամբ և այնպես ժպտաց, որ անհնար էր չվարակվել: Մունջ Արքան զարմացած նայեց և սառեցին նրա շեղ աչքերը և ծանր ծնոտը չշարժվեց։

Թոմասը մոտ քաշեց պնակը:

− Ձկնկիթ է, կեր և տես...