Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/6

Այս էջը հաստատված է

գյուղացիական լայն զանգվածներին մատչելի դարձնելու համար։ Այս ասպարեզում նրա կատարածը հավասարազոր էր լուսավորիչ առաքյալի գործին։

Այսպիսով, մինչև գրող դառնալը, Ա. Բակունցը անցավ կյանքի շատ բնագավառներ, կուտակեց հարուստ կենսափորձ, իսկ կենսափորձը այն նախադրյալներից մեկն էր, որն ապահովեց նրա անակնկալ հայտնությունը գրականության ասպարեզում։

Գյուղական ուսուցիչ, շարքային ռազմիկ, թերթերի լրաբեր, հասարակական աշխատող, ուսանող, գյուղատնտես, գյուղթղթակից,— այսպիսին է, ընդհանուր գծերով, Բակունցի կենսագրության զարգացման կորագիծը։ Բոլոր այդ զբաղմունքները Բակունցի համար եղել են միևնույն գործի լրացումն ու շարունակությունը։ Մի դեպքում, այբբենարանը ձեռքին, նա գրեր էր սովորեցնում գյուղական երեխաներին, մյուս անգամ, հրացանն ուսած, պաշտպանում էր հայրենի հողը, ապա ոգևորված նոր կյանքի առաջին բողբոջներով, գյուղատնտեսական գիտելիքներով էր զինում հայրենի հողի սերմնացաններին, մի այլ անգամ դառնում էր ամեն մի նորին նախանձախնդիր թղթակից և, վերջապես, ընտրում է գրչի աշխատավորի կոչումը՝ գրելու ժողովրդի համար, շարահյուսելու նրա պատմական բախտի ու հոգևոր փորձի, կենսուժի և ապագայի երգը։

2

1923 թ. սկսած Բակունցը ծավալում է լրագրական բուռն գործունեություն, Երևանի և Թիֆլիսի օրաթերթերում («Խորհրդային Հայաստան», «Մաճկալ», «Մարտակոչ», «Заря Востока») տպագրելով իրեն ժամանակակից գյուղի զարգացման հրատապ խնդիրներին և հոգսերին նվիրված գյուղապատումը։

«Մեր գյուղերում», «Գյուղական նամականի», «Նամակներ գյուղից» խորագրերով հրապարակված «գրական մանրուքը» ոչ միայն պարունակում է վերին աստիճանի արժեքավոր տնտեսագիտական-վիճակագրական-ժողովրդագիտական նյութ հայ գյուղերի, մասնավորապես զանգեզուրյան գյուղերի տնտեսական իրադրության վերաբերյալ, այլև արտահայտում է Բակունցի «գեղագիտական դիրքերը»։

Հայտնի է, որ քսանական թվականների սկզբին լայն շրջանառություն ուներ այսպես ասած «երկաթե երգի», «չուգունե ռենեսանսի» գրականությունը՝ վերացական և հովվերգական պատկերման տարատեսակներով։