Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/600

Այս էջը հաստատված է

− Ինձ չի կարելի,− և Արմենիերը զգաց, որ երեսն ամոթից այրվում է։ Ապա իսկույն բարձրացրեց գլուխը և արագ ասաց,– ես ձուկ և ձկնկիթ չեմ սիրում:

− Այն ժամանակ խոզի միս կեր։

− Կուշտ եմ։

− Ա՜...− ծոր տվեց Մունջ Արքան, ինչպես հորանջում է քաղցած գազանը,− չէ՞ որ նա հայ է և նրանց կրոնը արգելում է ուտել օտարի ձեռքով պատրաստած կերակուրը և հացը։

Արմենիերը վրդովվեց.

− Այդ մենք չենք, այդ պարսիկներն են... Իսկ մենք քրիստոնյա ենք և չունենք այդպիսի օրենք։

− Դու կշտացա՞ր, իմ սիրելի եղբայր... Գուցե քեզ վիրավորեց մեզնից մեկի ավելորդ խոսքը։ Ինդուանիս,− դարձավ նա Մունջ Արքային,− այսօր դու խոսեցիր այնքան, որքան չէիր խոսել մի ամսում, այնինչ, եթե լսեիր, փիլիսոփա կլինեիր։

– Ինձ ոչ ոք չվիրավորեց, եղբայր Թոմաս... Ես հանկարծ մի բան հիշեցի... Եվ... ես անչափ ուրախ եմ, որ ձեզ հետ եմ:

− Այն ժամանակ կեր և խմիր,– ասաց Մորիցը։

− Մորից, երբ խոսում է Հռոմը, լռում է աշխարհը,− սաստեց Թոմասը և բոլորը հասկացան, թե ներկաներից ով էր Հռոմը և ով աշխարհը,− Տիդելեն, լցրու գավաթները...

Տիդելենը գավաթները լցրեց։

− Եղբայրներ,− և Թոմասը բարձրացրեց գավաթը,− այս գավաթը դատարկենք մեր սիրելի Արմենիերի երջանկության։ Նա ոչ ֆուքս է, ոչ բրենդեր և ոչ մեզ նման աստվածաբան կամ փիլիսոփա։ Բայց նա բարձր է մեզանից։ Որքան ես գիտեմ, նրա ժողովուրդն է misera contibuens, plebs[1], ինչպես Սպիտակ արջի բոլոր հպատակները... Եվ նա զավակն է այդ ժողովրդի, առաջին արծիվը, որ Արարատի երկրից թռել է այսքան հեռու։ Նրա համար իր հայրենիքի ծուխը պայծառ է օտար երկրի կրակից... Սիրելի Արմենիեր,− և Թոմասը նրա կողմը թեքեց իր գեղեցիկ գլուխը,– իմացիր, որ մենք դժբախտներին սովորեցնում ենք արյունով և քրտինքով հասնել ազատության և թող շատերից վախենա նա, ումնից շատերն են վախենում։ Քո հայրենիքում ևս կատարվում են բռնություններ, ինչպես ամեն տեղ Ռուսիայում... Ահա մենք այստեղ խնջույքի ենք, բայց Պոլոնիայում հոսում է ապստամբների արյունը, իսկ ցուրտ Սիբիրիայում սառչում են առաջին ըմբոստները:

  1. Թշվառ և հարկատու ռամիկներ: