Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/602

Այս էջը հաստատված է

այնտեղ ես մոնթ էի, հասկանո՞ւմ եք, մոնթ, որ հոգևորականի ծառան է, ջուր է բերում նրա համար, ավլում է նրա խուցը, կերակրվում է ինչ որ կտա տերը, քնում է խսրի վրա և այդ ամենի դիմաց հոգևորականը մոնթին սովորեցնում է գրել, կարդալ։ Հիմա էլ իմ հայրենիքում դեռ այդպես են սովորեցնում։ Ես էի տասը տարեկան և այդպես մոնթ էի, ծնողներից հեռու, ինչպես գերի տարած երեխա։ Գիշերները ծածուկ լաց էի լինում և կարոտում էի մեր հողե տնակը, իմ սուրբ մորը։ Մի գիշեր ես պետք է կարդայի Դավթի սաղմոսները։ Իմ ուսուցիչը քնելուց առաջ սիրում էր սաղմոս լսել։ Այդ օրը ես փայտ էի կրել և հոգնել էի: Սկսեցի կարդալ, կապելով վանկերը և երգելով, ինչպես մեզ սովորեցրել էին կարդալ։ Հետզհետե քունը հաղթում էր իմ ուսուցչին, իսկ ես կռվի մեջ էի քնի հետ, բայց քունը գերեց ինձ և ես միայն հիշում եմ այն մեծ մոմերը, որ վառվում էին գրքակալի երկու կողմը: Հանկարծ ահագին ցավից վեր թռա. ինձ թվաց, թե գլխիս հալած երկաթ թափեցին: Գլուխս այրվում էր.... Ես մի ծանր հարված զգացի մեջքիս և ընկա խսրի վրա։ Խավար էր և խավարի մեջ, ինչպես Երիքովյան փող, որոտում էր իմ ուսուցչի ձայնը։ Նա ինձ անիծում էր, գլուխս այրվում էր, զգում էի խանձված մազերի և այրված մսի հոտ։ Ամբողջ գիշերը լաց եղա և երկու շաբաթ ցավը տանջում էր ինձ։ Հասկանո՞ւմ եք ինչ էր եղել, քնել էի և իմ ուսուցիչը հանկարծ զարթնելով, քնիս մեջ ճակատիս էր խփել վառվող մոմը և մազերս բռնկվել էին։ Տեսնո՞ւմ եք այս սպին։

Արմենիերը խոսում էր՝ երբեմն դժվարանալով գտնել համապատասխան բառ, երբեմն սխալ արտասանելով։ Նա պատմում էր իր կյանքը գունեղ և զարմանալի հետաքրքիր՝ ինչպես արևելյան հեքիաթ։ Եվ խոսքի վերջում՝ բոլորովին անկեղծ և դողացող ձայնով նա իր եղբայրներին ասաց, որ ինքը հոգևոր կոչումի լինելով, պահում է հայ եկեղեցու ծեսը, ըստ որի այժմ ծոմ է, որովհետև մեծ պասն է, և շուտով կլինի Զատիկը։ Ահա թե ինչու նա բերանը չի առնում ոչ ձուկ, ոչ յուղահաց և ոչ երշիկ, այլ խմում է միայն մեղրագինի։ Նա ասաց նաև, որ առանց այդ էլ իր հայրենիքում նրան արդեն համարում են հերետիկոս, ուստի ինքը պետք է անարատ պահի իրեն, ինչպես պատվիրել է նաև պարոն ռեկտորը և արդար հոգով վերադառնա հայրենիք։

− Իսկ դու հիմա կեր և խմիր... Այստեղ քեզ ոչ ոք չի լրտեսի,– ասաց Տիդելենը խղճահարված, որ ինքն արդեն կերել է խոճկորի կեսը և հարթել է երշիկների բլուրը, այնինչ նույն սեղանի մոտ ընկերը կիսաքաղց նստած է։