Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/604

Այս էջը հաստատված է

սանդուղքը շալակին, կամ փողոցով անցնում էր մի ֆրաու, որ կովի ճապաղ հայացքով նայում էր Արմենիերին։

Երբեմն ձայնը չէր լսում, այլ նայում էր դիմացի պատին և չէր տեսնում պատը, այլ տեսնում էր սպիտակ բարդիներ, նրանց խորքում Եսիր Եսայու ջրաղացը՝ դռնակը բաց և մուտքի մոտ ջրաղացպանի ծխացող օջախը: Կամ բացվում էր մի բարակ ճանապարհ, որ բաղերի արանքով իջնում էր ձորը՝ դեպի Գոչգոչան... Ահա այն ընկուզենին, որից հետո կգա Նովավոր աղբյուրը, որի ջուրն այնպես տխուր խոխոջում է աշնանը, երբ այլևս մարդ չկա բաղերում, հնձանները դատարկ են և ծտերը կտցահարում են կարմրած մասուրը, նաև մի դեղին դդում, որ մոռացել են քաղել: Ձորով իջնում է քամին և խշշում են ընկուզենիները՝ թափելով խնկաթույր տերև և ամբողջ ձորում կռնչում է միայն մի ագռավ, մի ծերացած ագռավ, որ տեսել է բուք և բորան և ցուրտ ձմեռ, երբ սառչում է Նովավոր աղբյուրը և այլևս չի երգում Զանգուն։

Երբ միտն էր գալիս Նովավոր աղբյուրը, ծարավում էր, ականջի տակ աղբյուրի ձայնն էր, նրա զով վշշոցը, աչքերի առաջ թափվում էր կապույտ ջուրը, որ գըլգըլ գալիս էր ոսկեկանաչ մամուռների միջով։ Ա՜խ, եթե միայն մի անգամ ձեռքերը բուռ աներ և կռանար այդ հստակ ջրի վրա, խմե՜ր, խմեր կում-կում՝ ականջի տակ ջրի ձայնը, ընկուզենիների խշշոցը, Գոչգոչանի շառաչը...

Զարթնում էր այդ կարոտը և նա փորձում էր ետ վանել, դասը սերտում էր բարձրաձայն, կամ գնում էր Պարրոտի տունը, կամ դուրս էր գալիս աննպատակ շրջելու փողոցներում, գնում էր շուկայի հրապարակը, որտեղ առավոտից մինչև երեկո նպարավաճառների և արհեստավորների մի ահագին բազմություն կրպակների առաջ կամ բացօթյա առնում կամ ծախում էր՝ գովելով ապրանքը և որտեղ դարբիններ, անիվագործներ, կոշկակարներ և այլ արհեստավորներ այնպիսի աղմուկ էին հանում, որ այդ աղմուկը և այլազգի ժխորը նրան մոռացնել էին տալիս Նովավոր աղբյուրի ձայնը և ընկուզենիների խշշոցը։

Բայց երբեմն այդ կարոտն այնքան էր նեղում նրան, որ չէր հանգստանում, լսելով հրապարակի աղմուկը, կամ քրքրելով այն իրերը, որ հետն էր բերել։ Նաև չէր հանգստանում, երբ Պարրոտի տանը տեսնում էր խորասանի այն խալին և ղայլանը, որ նրանք միասին գնել էին Երևանի չարսու բազարում։ Ինչպես մայրը, երբ հանկարծ մտաբերում է մեռուկ որդուն, միայնակ լաց է լինում և թել մանում, ողբ է ասում՝ մաքրելով ցորենը,– այնպես էլ նա գլուխը տետրակի վրա կախած արտագրում էր օրինակներ Երից կանոնի և ինքն իրեն դնդնում էր.