Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/605

Այս էջը հաստատված է

Շորորա, Շուշան, շորորա,
Շորորա, ծաղիկ, շորորա...

Երգում էր մեղմ, ինչպես սայլապանը, որ լուսնյակ գիշերով ճանապարհ է ընկել, երկար գնացել է սարերով, ձորերով, և ահա սայլը խուլ աղմկում է գյուղի փափուկ դաշտում, հոգնած օրորվում են եզները, արդեն մի կաքավ կանաչ սաղմոս է կարդում քարերի մեջ և լուսաբացի հովը բերում է իրենց դեզի բույրը... Երգ է երգում սայլապանը, այնքան մեղմ, որ հազիվ են լսում եզները և այնպես հստակ, ինչպես լուսաբացին կարդում է կաքավը։

Նա մեղմ երգում էր և աշխատում։ Եվ երգի միջից, ինչպես ծուխ, այդ կարոտը հետզհետե բարձրանում էր, պատում նրան, աչքերի առաջ շաղվում էին գրերը, հնչում էին այն հին ձայները, նանին կանչում էր «Խաչատուր, հե՜յ...»։ Ինչպես տղա ժամանակ, երբ փախչում էր բաղը: Իսկ նանին ղզլբաշ հարամիներից վախեցած՝ քարափի գլխից ձայն էր տալիս։

Այլ ի՞նչ գիրք, ի՞նչ Երից կանոն...

Այդ ձայները նրան կանչում էին քաղաքից դուրս, դեպի Էմբախի գետափը, որտեղ ուռիները ստվեր էին արել ջրերի վրա և կամ դեպի Դոմբերգ, ուր աղմկում էին ծեր կաղնիները։ Նա թաքնվում էր մի խորշում և արահետով պատահաբար անցնող մարդիկ լսում էին անծանոթ նվագի հնչյուններ, որ ելնում էին Արմենիերի հայկական սրինգից։

Հայրենաբաղձությունը նրան մղում էր պատմել հայրենիքի մասին։ Եվ նա պատմում էր Պարրոտին, ավելի հաճախ նրա կնոջը, պատմում էր տիկին Էլոիզ Աուսլենդերին, նույնիսկ երեխաներին էր պատմում։ Երբեմն պատմում էր իր տանտիրուհուն և նրա հարևանուհիներին, որոնք մի գործով գալիս էին նրանց տուն և լսելով այդ անծանոթ պատմությունները հրաշալի Արևելքի մասին, մոռանում էին, որ սուրճը թողել են կրակի վրա։

Իսկ Արմենիերը զարմանալի պատմող էր։ Ժամանակը և հեռավորությունը նրան մոռացնել էին տվել այդ եղելությունների սովորականը և ամեն ինչ դարձրել էին արտասովոր և առասպելական։ Հենց իրեն՝ Արմենիերին այդ պատմությունները երբեմն թվում էին առասպել, որ կարդացել է հին գրքերում։ Մի՞թե գրքից չէր պատմությունն այն գերի աղջկա, որ Սարդարի հարեմից իրեն նետում է կամուրջի վրա, երբ հարեմի պատուհանից տեսնում է իր սիրած տղային, որ հուսահատ ետ էր վերադառնում։ Եվ կամ մի՞թե առասպելանման չի այն, որ իր հայրենիքում