Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/607

Այս էջը հաստատված է

խռպոտ ու բամբ, իսկ ձմեռը, երբ դռան հետևից կախում էին թաղիք, տան դուռը խլանում էր։ Բայց ամենից զիլ երգում էին դրսի դռները, որոնց սռնին որձաքարի մեջ էր. դռներն իրար էին գալիս, աջը միայն դամ էր պահում, իսկ ձախը զլում էր պարկապկուն, մինչև դռներն իրար գային և այն ժամանակ երկուսը միասին՝ դոմբ հա դոմբ խփում էին Աթա Թևանի թմբուկը։

Նրա հիշողության մեջ հետզհետե պայծառանում էր այն, և դասը մոռացվում էր և մնում որը քաղցր էր և սիրելի՝ քարերը, հին կարասը, պղնձե ջամը, հայրենի խեղճ խրճիթը, պառավ շունը, Գոչգոչանի ջրվեժը, ընկուզենիների խշշոցը, Նովավոր աղբյուրի ոսկեկանաչ մամուռը և Զանգուն, սիրտ մաշող Զանգուն։

12

Հետո երկար ժամանակ վառ մնաց ձմռան այն օրը, երբ անհանգիստ կարոտով թափառել էր փողոցներում, ապա աննկատելի ընկել էր այն փողոցը, որով առաջին անգամ մտել էր Դորպատ։ Նա հասել էր քաղաքի դռներին, որից այն կողմ անսահման դաշտն էր, ձյունով պատած, դեպի արևմուտք՝ եղևնիների սև երիզը, այս և այն կողմ կաղնիներ, որոնք հիշեցնում էին ձյունի մեջ մոլորված գրենադերներին, ահա այս մեկը փռել է սառած թևերը, որոնցից մամուռը կախվել է ձորձերի նման, մի քիչ հեռու երկուսն այնպես են փաթաթվել իրար, որ մահն անգամ նրանց չի բաժանել, իսկ երրորդը համարյա թաղվել է ձյունի տակ և ձյունի մեջ ցցվել է նիզակի նման մի չոր ձող։ Հորիզոնի խորքում ժմուդների գյուղն էր և ծուխը վախվխելով կծկվում էր խրճիթների վրա։

Նա կարոտով նայում էր ճանապարհին։ Ոչ հեռու երևում էր առաջին շլագբաումը, որի մոտ խարույկ էր վառել պահապանը՝ ալեբարդով մի զինվոր։ Եվ ուրիշ ոչինչ չէր երևում այդ անեզր տափաստանում, բացի խարույկը և միայնակ պահապանը, ծառերը և հեռվի գյուղը, որտեղից չէր լսվում ոչ շան հաչոց և ոչ աքաղաղի կանչ։

Արևը խոնարհվում էր եղևնիների հետևը և այն կողմում հրդեհվել էին բաց կարմիր ամպերը, եղևնիների պարիսպը հետզհետե ավելի էր մթնում և միայն մի շող թափանցել էր անտառի սևի մեջ և դողդողում էր այդ ոսկի շողը, կարծես վախենում էր բեկվել սառը ձյունի վրա։ Նա զմայլած նայում էր անտառին և մայր մտնող արևին, երբ լսեց զանգակների ձայնն այնքան հստակ և մաքուր, ինչպես քարավանի ղողանջ, երբ ուղտերն անցնում են արշալույսին:

Քիչ հետո նրա աչքերը ճանապարհի խորքում նշմարեցին մի սև կետ,