Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/61

Այս էջը հաստատված է


Պետին մերվել էր նախիրին, ընտելացել։ Նախիրից դուրս ուրիշ գործ չուներ նա, մտքերը նախիրից չէին հեռանում, սարերից դենը չէին գնում։

Միայն երբեմն, ամռան պարզկա լուսաբացին, երբ օդը մաքուր է, ապակու պես թափանցիկ, երբ հեռավոր սարերի գագաթները պարզ երևում են կապույտ հորիզոնում, նախիրն Այու սարի փեշերին արածացնելիս Պետին նստում էր մի բարձր քարի վրա և դիտում հեռուն, դաշտն անծայր, որի մեջտեղ կանաչ այգիների մեջ թաղված էր քաղաքը հեռավոր։

Մի անգամ էր եղել այնտեղ, երազի պես էր հիշում քաղաքը հեռու, ասես չէր էլ տեսել, լսել էր հեքիաթի հետ, ձմռան երկար գիշերներին։

Նախիրը տուն քշելիս մի իրիկուն էլ նա գյուղում անսովոր իրարանցում տեսավ։ Ամռան իրիկուն էր, հնձից, հարից տուն դարձած գյուղացիք խոսում էին խումբ-խումբ։

Փողոցով անցնելիս Պետին լսեց, որ մեկն ասեց, թե՝

− Այ անդարդ մարդ, սալդաթ էլ չի գնալու։

Պատերազմ էր հայտարարված, գյուղը զինվոր պիտի տար։

Աշխատանքի խաղաղ օրերին այնպես էր երևում, թե սարերի հետև ընկած այդ գյուղի մասին քաղաքում ոչ ոք չգիտե։ Բայց այդ օր գյուղն անտես թելով կապված զգաց իրեն, և մի բռունցք, զինված բռունցք հարված էր պատրաստում գյուղի համար։

Գյուղից զինվոր տարան։

Առաջին ամիսներում ասես ուրախություն կար։ Զինվորների առաջին խումբը դհոլ-զուռնով ճամփա ընկավ, բայց հետո գարնան ծիծեռնակի պես երևացին կռնատ տղերք, փայտե ոտքեր։ Գերությունից նամակներ եկան, օտար և անսովոր խոսքեր եկան հեռու քաղաքներից զինվորների նամակների հետ, և գյուղը կերպարանքը փոխեց։ Դհոլ-զուռնով էլ զինվոր չէին ճամփու դնում, լաց եղող շատ կար, գյուղում այրի մնացած հարսերի համարքը ավելանում էր։

Ամեն ինչ գյուղում տակնուվրա էր եղել։ Օրերը տարի էին դարձել, աղքատությունը ավելանում, հացի գինը բարձրանում, շաքարը դառնում հիվանդի դեղ։

Եվ ասես վերջ չէր լինելու։ Պետին գլուխը քաշ իր գործին էր։ Գյուղում ասես նրան չէին էլ նկատում, առաջվա հանաքները չկային, սարում ծնած հորթը տուն բերելիս տան տերն առաջվա պես չէր ուրախանում։

− Պետի՛, մի խաբար բեր է՜, էդպես մի խեր խաբար բեր գերմանու պլենից։