Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/610

Այս էջը հաստատված է

– Սատանի ավել, մի՞թե նա սև է, աչքերը սև՞ են, քիթը մե՞ծ է... Աղբով է լցված գլուխդ։ Չհասկացար ի՞նչ պատվիրեց նորին բարեծննդությունը՝ որ գլուխը սև լինի, աչքերը սև լինեն, ամեն ինչ սև լինի և քիթը սև լինի...

– Աա՜,– երկար ծոր տվեց այն զինվորը, և դժվար էր հասկանալ, թե ի՞նչ էր նշանակում այդ բացականչությունը։

– Քեռի Միտրիչ,− կանչեց երիտասարդ զինվորը,− իսկ եթե մազերը սև են և քիթը մեծ է, բայց աչքերը սև չեն, այլ...− և երիտասարդը դժվարացավ ասել, թե ինչ գույնի են աչքերը և հանկարծ բռնեց կնոջ գլխաշորից և ուրախացած բղավեց,− այ այս գույնի, աստված վկա, ճիշտ այս գույնի են աչքերը... Չի՞ լինի։

Կինը զայրացավ և խփեց զինվորի թևին։

– Թաթդ քեզ պահի... Ես ամուսնացած կին եմ և ոչ թե ֆրաու...

Բոլորը նայեցին Արմենիերին: Եվ նույնիսկ ալեհեր զինվորը նայեց, կարծես ուզում էր ասել, որ այդ հարցին պատասխանել կարող է միայն նորին բարեծննդությունը»։

− Բայց նա քրիստոնյա՞ է... Հայերը քրիստոնյա են:

− Աստված վկա չգիտեմ։ Միայն գիտեմ, որ ռուսերեն չի խոսում, միշտ մենակ է շրջում, հոսպիտալում իր երկրացի մարդ չունի։ Եվ անունն ինչ-որ ուրիշ տեսակ է, մերիններից չէ... կամ Էանզայ է, կամ Էամզայ է, այդպես մի բան է։ Եթե կլինի, գնամ կանչեմ։ Նա միշտ պատի տակ մենակ ման է գալիս... Իսկ մազերը՝ սև, ինչպես, հիշո՞ւմ ես, Միտրիչ, մեր գնդապետի ձին։

Երիտասարդ զինվորը մտավ բակը և քիչ անց վերադարձավ։ Նրա հետևից գալիս էր միջահասակ մի մարդ, փաթաթված պատառոտուն գրատի մեջ։ Երևում էր, որ նա մրսում է։ Նա գալիս էր զգույշ քայլերով։ Դեմքի մկանները լարված էին. կարծես նա խուլ և մունջ էր և լսում էր լայն բացած աչքերով։ Նրա դեմքն արտահայտում էր դժկամություն, գալիս էր, բայց և կասկածում էր, թե չլինի՞ իրեն խաբում են։

− Ահա՛,− և երիտասարդ զինվորը հեռու կանգնեց։ Մյուսներն էլ լուռ ետ քաշվեցին։

Նրանք նայեցին իրար։ Ինչ-որ հարազատ ցոլք կար այդ մարդու բաց կապույտ աչքերում։ Արևը նույն արևն էր, հարավի տաք արևը, բայց այդ արևը շողում էր բաց կապույտ մշուշի միջից։

Զինվորը հայ չէր։

− Թաթա՞ր,− նա գլուխը տարուբերեց։

− Լեկզի՞,– զինվորի աչքերը փայլատակեցին։